Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ընկերական խաղը (2-0):
Խաղի մասին
«Լավ ելույթ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում: Լավ խաղացինք ու լավ պաշտպանվեցինք: Երկրորդ կեսն ավելի շատ վերահսկողական բնույթի էր, քան առաջինը: Լավ մոտեցում ցուցաբերեցինք ու նվիրված էինք: Մեր թիմը ֆիզիկական ու տեխնիկական հիանալի որակներ ունի: Մենք ամբողջական տեսք ունենք: Մեր թիմում էգոիզմ չկա, ինչը հեշտացնում է հանդերձարանը կառավարելու գործը: Թիմը լավ մարզավիճակում է, մթնոլորտը լավ է, ու մենք մոտիվացված ենք»:
Գոլերի մասին
«Բելինգեմի գոլը ցույց է տալիս նրա որակը: Նա ճիշտ պահին շարժվում է երկրորդ գծից: Ինչ վերաբերում է Խոսելուի գոլին, ապա նման բաներ հաճախ չեք տեսնի: Նա վստահության կարիք չունի, քանի որ մենք ենք վստահություն դրսևորել՝ պայմանագիր կնքելով նրա հետ: Մենք գիտենք՝ նա ինչ կարող է անել: Խոսելուն հիանալի եզրափակող է, այսօր 3-4 հնարավորություն ուներ»:
4-4-2-ի մասին
«Նոր համակարգը լավ է աշխատում: Վինի Ժունիորը սիրում է փոքր-ինչ ավելի կենտրոնում խաղալ, երբեմն ստիպված է ավելի լայն գործել, քանի որ նա շատ ուժեղ է: Նրա ու Ռոդրիգոյի դիրքավորումը մեծ վտանգ են ստեղծում մրցակցի համար, քանի որ նրանք շատ արագ են, իսկ մենք ավելի ուղիղ խաղալու հնարավորություն ենք ստանում: Այս համակարգը նաև Ջուդ Բելինգեմին իր որակները ցույց տալու հնարավորություն է տալիս»:
Կուրտուայի մասին
«Նա մի փոքր ցավ ունի, ու ռիսկի դիմելու իմաստ չկա: Նա կմասնակցի հաջորդ խաղին, ինչպես Արդա Գյուլերը, որը նույնպես շուտով կխաղա»:
Ֆրան Գարսիայի մասին
«Նա գերազանց է գործում: Հաճախ է առաջ մղվում ու հայտնվում անցումային դիրքերում: Մենք շատ ուրախ ենք»:
Կազեմիրոյի մասին
«Մենք իսկապես սիրում ենք նրան: Նա մեզ համար շարունակում է մնալ «Ռեալի» խաղացող ու լեգենդ»:
Fenomeno, Realmadrid.am