Հոդվածներ

Գերմանական ակումբների մղձավանջը. «Ռեալ Մադրիդ»
14.09.2022
2102 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Լայպցիգի» հետ՝ նախորդ տուրում «Սելթիկի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո։

Առաջարկում ենք վերհիշել «Ռեալի» ելույթները Չեմպիոնների լիգայում Բունդեսլիգան ներկայացնող թիմերի հետ։ «Բավարիան» «Բորուսիան», Շալկեն», «Վոլֆսբուրգը», «Համբուրգն» ու այլ թիմերը «Արքայական» ակումբի պատմության մի մասն են եվրոպական մրցասպարեզում։

Ընդհանուր առմամբ, «Ռեալը» 74 խաղի է մասնակցել գերմանական ակումբների հետ և հաղթել 36-ում (48,65 տոկոս): Ոչ-ոքի գրանցվել է 14 խաղում (18,92 տոկոս) և վերջապես գերմանական ակումբները հաղթել են 24 անգամ (32,43 տոկոս):

Հաղթանակի տոկոսը երրորդ ամենաբարձրն է ուժեղագույն առաջնությունները ներկայացնող թիմերի նկատմամբ։ Ֆրանսիական ակումբներին «Ռեալը» հաղթել է 55,56%, իտալական ակումբներին՝ 55,17%: Անգլիական ակումբների դեմ այս ցուցանիշը 40 տոկոս է։

• Չեմպիոնների լիգա, 2013/14 մրցաշրջան։ «Ռեալը» պայքարից դուրս է թողնում «Շալկեին», «Բորուսիային» ու «Բավարիային» և եզրափակիչի ուղեգիր նվաճում։

Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» ձգտում էր տիրանալ բաղձալի տիտղոսին։ Եզրափակիչի ճանապարհին նա պայքարից դուրս թողեց «Շալկեին», «Բորուսիային» ու «Բավարիային»։ «Ռեալը» «Շալկեի» դեմ մրցեց 1/8 եզրափակիչում։

Առաջին խաղում «Շալկեի» կազմում խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հունտելարը, Մատիպը, Կոլաշինացը, Գորեցկան և այլոք։ Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը ապահովեցին մադրիդյան ակումբի հաղթանակը՝ խփելով մեկական գոլ։

«Սանտիագո Բեռնաբեուում» կայացած պատասխան խաղում «Ռեալը» կրկին հաղթեց Ռոնալդուի դուբլի ու Մորատայի գոլի շնորհիվ։

Քառորդ եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» էր։ Նրանք քառորդ եզրափակիչ էին հասել՝ հաղթելով «Զենիթին»։ Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելը հեշտ չէր «Ռեալի» համար հոգեբանական տեսանկյունից, քանի որ ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում «Ռեալը» գերմանական ակումբից դուրս էր մնացել, որի կազմում խաղում էին Լևանդովսկին ու Մարկո Ռոյսը։ Առաջին խաղում «սերուցքայինները» տանը հաղթեցին 3-0 հաշվով, ինչը շատ լավ արդյունք էր Գերմանիա մեկնելուց առաջ։ Պատասխան խաղում «Բորուսիան» 2-0 հաշվով հաղթեց, սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար։

Եզրափակիչ դուրս գալու համար մեկ մեծ քայլ էր պակասում՝ «Բավարիայի» նկատմամբ տոնած հաղթանակ։ «Բավարիան» այս խաղին էր մոտենում երկու հանդիպումների արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդին» 4-2 հաշվով հաղթած։ Բավարացիների կազմում մեծագույն թիմ էր հավաքված. Թոնի Կրոս, Մանջուկիչ, Ռիբեր, Շվայնշտայգեր, Ալաբա, Նոյեր և այլոք։ Այնուամենայնիվ, նրանք բախվեցին սպիտակ պատին։ Մադրիդի «Ռեալը» երկու խաղերի արդյունքում հաղթեց 5-0 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը։

• Չեմպիոնների լիգա, 2014/15 մրցաշրջան։ «Ռեալն» ընդդեմ «Շալեի»՝ 1/8 եզրափակիչում։

Մեկ տարի անց «Շալկեն» կրկին հանդիպեց ՉԼ-ի 10-ակի հաղթող Մադրիդի «Ռեալին» 1/8 եզրափակիչում։ «Սպիտակները», Իկեր Կասիլյասի գլխավորությամբ և Մարսելոյի ու Կրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ հաղթեցին 2-0 հաշվով։ Պատասխան խաղում գերմանական ակումբը հաղթեց 4-3 հաշվով։ «Շալկեն» գրեթե ռևանշի էր հասել։

• Չեմպիոնների լիգա, 2015/16 մրցաշրջան։ «Ռեալը» քառորդ եզրափակիչում մրցում է «Վոլֆսբուրգի» դեմ։

2015/16 մրցաշրջանում, այն բանից հետո, երբ «Ռեալն» ընդհանուր 4-0 հաշվով պայքարից դուրս էր թողել «Ռոմային», հանդիպեց «Վոլֆսբուրգին»։ Գերմանական ակումբը տանը 2-0 հաշվով հաղթեց։ Այնուամենայնիվ, մեծագույն Կրիշտիանու Ռոնալդուն պատասխան խաղում 3 գոլ խփեց և «Ռեալը» հաղթող դուրս եկավ դիմակայությունում։

• Չեմպիոնների լիգա, 2016/17 մրցաշրջան։ «Ռեալը» խմբային փուլում մրցում է «Բորուսիայի» հետ ու «Բավարիային» դուրս թողնում քառորդ եզրափակիչից։

2016/17 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 11-ակի հաղթողները կրկին չխուսափեցին գերմանական ակուբների դեմ խաղից։ Խմբային փուլում նրանք «Բորուսիայի» հետ երկու անգամ ոչ-ոքի խաղացին, իսկ ավելի ուշ, քառորդ եզրափակիչում, պայքարից դուրս թողեցին Մյունխենի «Բավարիային»։

• Չեմպիոնների լիգա, 2017/18 մրցաշրջան։ «Ռեալը» կիսաեզրափակիչում մրցում է Մյունխենի «Բավարիայի» դեմ։

Չեմպիոնների լիգայում հաջորդ խաղը, որը «Ռեալը» անցկացրել է գերմանական ակումբի դեմ, Մյունխենի «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչն էր և 13-րդ ՉԼ-ն հաղթելուց մադրիդյան ակումբից բաժանում էր մեկ քայլ։ Առաջին խաղում «Բավարիան» հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Մարկո Ասենսիոյի ու Մարսելոյի գոլերը հաղթանակ պարգևեցին թիմին։

Պատասխան խաղում Կիմիխը կրկին «Բավարիային» առաջ նետեց հաշվի մեջ, սակայն դա բավարար չէր։ Բենզեման 2 գոլ խփեց, աչքի ընկավ նաև Խամեսը, որը հարգանքից ելնելով չնշեց գոլը։

Գերմանական ակումբի դեմ հաջորդ խաղն այսօր է՝ «Լայպցիգի» դեմ։ Թղթի վրա «Ռեալն» ավելի լավ տեսք ունի։ «Ռեալը» Լա լիգայում 15 հնարավորից 15 միավոր է վաստակել, իսկ գերմանացիները 9-րդն են Բունդեսլիգայում։