Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ծավալուն հարցազրույց է տվել El Chiringuito-ին՝ խոսելով բազմաթիվ թեմաների մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարզազրույցի առավել ուշագրավ հատվածները։
«Ես միշտ հանգիստ եմ։ Ինձ համար դժվար չէ «Tranquillo» (հանգիստ) ասելը։ Ես ասացի՝ եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգան, ապա ես կգամ այստեղ և ահա ես այստեղ եմ»։
«Ինչպես կհիշվի այս Չեմպիոնների լիգա՞ն։ Մենք խաղում էինք երեք շատ ուժեղ մրցակիցների դեմ և կարողացանք երեք մոգական հանդիպում անցկացնել «Սանտիագո Բեռնաբեուում»։ Այս Չեմպիոնների լիգան մենք կհիշենք մեր մնացյալ ամբողջ կյանքի ընթացքում։
Չեմպիոնների լիգայի այս խաղարկության բոլոր հանդիպումներում մեզ ուղեկցում էր մոգականության մթնոլորտ ու այն մթնոլորտը, որ մեր ֆուտբոլիստները ոչ միայն պրոֆեսիոնալ խաղացողներ են, այլ, առաջին հերթին, մադրիդիստներ»։
«Չեմպիոնների լիգայի 21/22 մրցաշրջանում հաղթանակի հասնելու համար պետք էր կատարել մի շարք պայմաններ։ «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ինչպես ասել է Անչելոտին, նաև մեր թիմի երկրպագուն է։ Եվ դա երևում էր խաղադաշտում»։
«Չկան այնպիսի հարցեր, որոնք դուք ինձ չեք կարող տալ Պեդրերոլ, ես կպատասխանեմ բոլոր հարցերին»։
«Արդյո՞ք ՊՍԺ-ի հետ մեր հարաբերություններն ընկերական են։ Մեզ համար յուրաքանչյուր մրցակից ակումբ ընկեր է»։
«Չուամենիի տրանսֆե՞րը, ինչ-որ մեկը նրան ասել էր, որ նա պետք է ՊՍԺ տեղափոխվի։ Այո, Մբապեն փորձել էր նրան համոզել, բայց դա լիովին նորմալ է։
ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» փորձում էին գնել Չուամենիին։ Այս հարցում մրցակցելը նորմալ է։ Բայց նա ցանկանում էր «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել»։
«Չուամենիի տրանսֆերն ավելի հաջո՞ղ է համարվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Ռեալը» նրա հարցում մրցակցում էր ակումբ-պետության հետ։ Դրա մասին շատ է խոսվում։ Մի ամբողջ պետության կողմից ղեկավարվող ակումբները մեծ խնդիր են և այդ խնդիրը մենք պետք է լուծենք»։
«Սուպերլիգայի գաղափարը կենդանի է։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի դատարանը։ Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության շրջանակում մրցաշարեր կազմակերպելու իրավունք ունենք։ Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ին, ապա մենք հասկանում ենք, որ այն կազմակերպիչն է, ղեկավարողն ու միակ տերը։ Սա մոնոպոլիա է»։
«Ես երբեք չեմ մտածել, որ Չեֆերինը «Ռեալին» դուրս կթողնի Չեմպիոնների լիգայից»։
«Ես նորմալ ու հարգալից ընդունել եմ Չեֆերինին։ Բայց հիմա Սուպերլիգայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մենք համաձայն չենք ու ասել ենք, որ ցանկանում ենք ՈՒԵՖԱ-ի հետ երկխոսության գնալ։ Հիմա մենք սպասում ենք դատարանի որոշմանը»։
«Տեբասը քննադատել է ՊՍԺ-ին ու «Մանչեսթեր Սիթիին» ու բողո՞ք ներկայացրել։ Ես չգիտեմ նրա՝ այդպես վարվելու պատճառը։ Տեբասը չի աջակցում «Ռեալին», ես ոչ մի աջակցություն չեմ զգում։ Հիմա «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» հետ միասին դատական գործընթաց է ընթանում Լա լիգայի և CVC-ի համաձայնության դեմ։ Այդ համաձայնությունն անօրինական է, քանի որ խախտում է կոմերցիոն իրավունքները»։
«Պարզ է, որ Լա լիգայի նախագահը «Ռեալի» ու «Բարսելոնայի» կամքին հակառակ է գործում։ Մենք միշտ լավ համագործակցել ենք, բայց այս դեպքը բացառություն է, քանի որ մենք հասկանում ենք, որ նրանց ցանկանում են 50 տարով խլել մեր հեռուստատեսային իրավունքը»։
«Ես կարծում եմ, որ Լապորտայի վրա մեծ ճնշում է գործադրվել՝ CVC-ի հետ պայմանագիր կնքելու համար։ Բայց «Բարսելոնան» լուրջ ակումբ է և նրանք չեն պատրաստվում մասնակցել այդ գործարքին։ Տրամաբանական չէր լինի, որ նրանց գոհացներ այդ համաձայնությունը»։
«Բարսելոնան» շատ թանկ ակումբ է և 4-5 մլրդ եվրո է գնահատվում։ Այո, հիմա նրանց մոտ իրավիճակը հեշտ չէ, բայց նրանք շուտով կլուծեն բոլոր խնդիրներն ու առաջ կշարժվեն։ Հանուն իսպանական ֆուտբոլի»։
«Լա լիգայի ղեկավարությանը թվում է, թե նրանք «Բարսելոնայի» մարզական տնօրենն են և ասում են՝ երբ կարող է ակումբը ֆուտբոլիստի թիմ հրավիրել, իսկ երբ ոչ։ Թող «Բարսելոնան» անի այն, ինչը անհրաժեշտ է համարում։ Պետք չէ ճնշում գործադրել»։
«Քանի՞ անգամ են ինձ հարցրել Մբապեի մասին։ Մբապեն ամբողջ աշխարհին հայտնել էր իր երազանքի ու «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին։ Նա այդ մասին հրապարակավ էր հայտնել։ Մենք ցանկանում էինք իրականացնել այդ տեղափոխությունը անցյալ օգոստոսին, բայց չստացվեց և ստիպված եղանք սպասել մի ամբողջ տարի։
Անցավ մեկ տարի և ընդամենը 15 օրում իրավիճակը փոխվեց։ Ենթադրում եմ, որ դա տեղի ունեցավ քաղաքական և տնտեսական ճնշման արդյունքում։ Մբապեն բախվեց պատնեշի և ընտրեց իրավիճակից դուրս գալու ամենահեշտ եղանակը»։
«ՊՍԺ-ն չէր ցանկանում վաճառել Մբապեին։ Դա նրանց իրավունքն է։ Անցավ շատ ժամանակ, ամբողջ տարի... և Մբապեն այդ ժամանակահատվածում միայն մի բան էր ասում՝ «Իմ երազանքը «Ռեալ Մադրիդն» է», բայց 15 օրում իրավիճակը փոխվեց»։
«ՊՍԺ-ն մեզ հասկացնել տվեց, որ իրավիճակը փոխվել է և հետո մենք տեսանք, որ Մբապեն փոխել է իր որոշումը։ Բայց դրա մասին մտածելու կարիք այլևս չկա։ Երբ Մբապեն չցանկացավ մասնակցել Ֆրանսիայի հավաքականի հովանավորչական արշավին, դա ինձ շոկի ենթարկեց, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Եվ շատ այլ հարցեր»։
«Մբապեն առաջարկ է ստացել դառնալու ոչ միայն ակումբի մարզական նախագծի առաջատարը, այլ նաև ղեկավարել այն»։
«Կարող եմ ասել, որ սա այն Մբապեն չէր, որին մենք ցանկանում էինք տեսնել «Ռեալում»։ Նա դավաճանեց իր երազանքը»։
«Մի ամբողջ երկրի նախագահը զանգահարում է Մբապեին։ Դա շատ մեծ ազդեցություն է ունենում երեխայի վրա։ Չնայած Ֆրանսիայում կան շատ այլ ակումբներ՝ օրինակ «Մարսելը» և Զիդանը տեղափոխվեց «Ռեալ» ու դարձավ մեծագույն։ Բենզեման նույնպես մեծագույն ֆուտբոլիստ է։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է դարձել «Ռեալում» և կարող է հպարտանալ դրանով»։
«Ես երբեք չեմ ասել, որ Մբապեի ու «Ռեալի» միջև ամեն ինչ ավարտված է։ Երբեք։ 3 տարում շատ բան կարող է տեղի ունենալ, բայց ես չեմ ցանկանում ակումբում նման Մբապեի տեսնել։ Սա այն ֆուտբոլիստը չէ, որին ցանկանում էինք տեսնել «Ռեալում»։ Ես ցանկանում էի իսկական Մբապեի տեղափոխությունը»։
«Մենք կարող էինք բանակցություններ վարել Մբապեի հետ, բայց պետք է ծանուցեինք ակումբին, որ բանակցություններ ենք վարելու։ Եվ դա լրացուցիչ ճնշում կլիներ նրա վրա երկրպագուների կողմից։ Մենք չէինք ցանկանում վնասել նրան»։
«Բոլոր մադրիդիստներն էլ հիասթափված էին, բայց այն Մբապեին, որին ցանկանում էինք տեսնել «Ռեալում», պարզվեց այն Մբապեն չէ, որը մենք ցանկանում էինք»։
«Հալանդի տրանսֆերն անհնարին էր աշխարհի լավագույն հարձակվողի՝ Բենզեմայի պատճառով։ Մենք չէինք պատրաստվում իրականացնել Հալանդի տեղափոխությունը և նստեցնել նրան պահեստայինների նստարանին»։
«Հալանդի տրանսֆերը ոչ մի կերպ կախված չէր Մբապեի տեղափոխությունից։ Մենք արդեն Բենզեմա ունեինք և այդ տեղափոխության իմաստը չկար»։
«Մբապեն ինձ հաղորդագրություն ուղարկեց և ես նրան պատասխանեցի։ Ես նրան հաջողություն եմ մաղթել և այդ պահից սկսած մենք արդեն հետաքրքրված չէինք։ «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ ակումբից կարևոր չէ։ Չենք պատրաստվում անել բացառություններ, որոնք կարող են ազդել թիմի մթնոլորտի վրա»։
«Ես Անչելոտիին ասել եմ, որ երախտապարտ եմ նրան՝ վերադառնալ համաձայնվելու համար։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ 25 ֆուտբոլիստ ղեկավարելը ծայրահեղ բարդ է։ Ակումբում մթնոլորտն այս մրցաշրջանում շատ լավն էր։ Պինտուսը ֆենոմեն է, նրանք բոլորը լավն են»։
«Մոդրիչն ու Բենզեման վետերաններ են, որոնք շատ են օգնում երիտասարդներին։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում վետերանները տեղերով փոխարինվեցին երիտասարդների հետ ու նրանց աջակցեցին պահեստայինների նստարանից։ Սա կապ է, շփում՝ փորձառու ֆուտբոլիստների մեջև, երիտասարդների ու հանրության.... հրաշալի էր»։
«Երբ Ռոդրիգոն գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ ոտքի բարձրացան բոլորը՝ բացի ինձանից։ Ես նման կերպ չվարվեցի իմ շուրջ նստած մարդկանց հարգանքից ելնելով»։
«Բենզեման միակ ֆուտբոլիստն է, որի տրանսֆերը ես իրականացրել եմ նրա տանը։ Նա շատ ամաչկոտ երիտասարդ էր։ Իսկ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Բեքհեմի, Կակայի, Ռոնալդուի ու շատ շատերի տրանսֆերները տեղի են ունեցել դեմ առ դեմ՝ այլ վայրերում»։
«Բայց «գալակտիոսի» հարցում ամեն բան այդքան հեշտ չստացվեց։ Շատ դժվար իրավիճակ էր։ Մենք ցանկանում էինք գրավել լավագույններին՝ հարված հասցնելու համար։ Բայց հովանավորներից Teka ընկերությունն էր, որը 400 մլն պեսետ էր վճարում և Siemens-ը, որը 4 մլրդ պեսետ էր վճարում»։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել մեր ֆուտբոլիստին, ապա պետք է վճարի 1 մլրդ եվրո։ Ես խոսում եմ Վինիսիուսի, Միլիտաոյի, Վալվերդեի, Ռոդրիգոյի ու մյուսների մասին։ Նրանք շատ երիտասարդ կատարողներ են»։
«Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման հարցում խնդիրներ չեն եղել։ Նա ասել է, որ ցանկություն չունի լքել «Ռեալը»։ Ոչ մի մարզիչ չէր ցանկանա վաճառել նման Վինիսիուսի»։
«Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը կարող է Վինիսիուսը դառնալ։ 18 տարեկանում նա տեղափոխվեց «Ռեալ» ու դարձավ «Կաստիլյայի» ֆուտբոլիստ։ Բայց դա այլ Վինի էր։ Հիմա նա փոխվել է ու տարեցտարի ավելի լավն է դառնում»։
«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը կավարտվի մոտ մեկ տարուց՝ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Համաճարակն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հետաձգեցին այդ գործընթացը»։
«Ալեխանդրո Սանսը հաստատ կերգի մարզադաշտի բացման արարողության ժամանակ։ Այլոք նույնպես չեն բացառվում։ «Սանտիագո Բեռնաբեուի» բացման արարողության ժամանակ շատ մադրիդիստներ կլինեն»։
«Մեր մարզադաշտը Բեռնաբեուի շնորհիվ գտնվում է Մադրիդի լավագույն վայրում։ Այստեղ մենք մրցաշրջանում 26 կամ 27 հանդիպում ենք անցկացնում։ Մենք որոշել ենք շարժական առաստաղ սարքել, ինչը «Սանտիագո Բեռնաբեուին» թույլ կտա դառնա Եվրոպայի ամենակարևոր վայրը հանգստի ու զվարճանքի համար»։
«Եթե մարզադաշտը գտնվեր քաղաքի ծայրամասում, ապա ամեն բան այլ կլիներ։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք Legends ընկերության հետ պայմանագիր կնքել»։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է «Ռեալում» հանդես գալու մասին։ Մեր ակումբն այդ հարցում առավելություն ունի։ Բայց մենք չենք պատրաստվում գլուխ գովալ»։
«Ազարի բախտը չբերեց։ «Ռեալ» տեղափոխվելուց անմիջապես հետո հավաքականի նրա թիմակիցը վնասվածք հասցրեց նրան։ Բայց նա կարծում է, որ հաջորդ տարին լինելու է նրա տարին։ Մենք բոլորս պետք է հավատանք Ազարին»։