Հոդվածներ

«Ռեալի» նպատակները 2022 թվականին
30.12.2021
2713 0

«Ռեալի» ղեկավարությունը 2022 թվականի համար նպատակներ է սահմանել։ «Արքայական» ակումբը մտադիր է իրականացնել Հալանդի ու Մբապեի տրանսֆերները։

1. Մբապե

Ֆրանսիացու տեղափոխության հարցը գրեթե լուծված է և «Ռեալը» հարձակվողին ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակով։ «Սերուցքայինները» ՊՍԺ-ին կոնֆլիկտի գնալու առիթ չտվեցին, քանի որ այս մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ երկու տիեզերական առաջարկ կատարեցին՝ 180 և 200 մլն եվրոյի տեսքով, որը մերժվեց փարիզյան ակումբի ղեկավարության կողմից։

Ուղիղ բանակցություններին միայն հետ է պահում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումը, որտեղ «Ռեալը» կմրցի ՊՍԺ-ի հետ։ Մբապեն չի ցանկանում հարուցել փարիզյան ակումբի զայրութը, այդ իսկ պատճառով էլ բանակցություններ կվարի միայն սպասվելիք երկու խաղերից հետո։


2. Հալանդ

Նորվեգացու՝ «Ռեալ» տեղափոխությունն ավելի դժվար կլինի իրագործելը։ Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ իր հաճախորդը փոխի ակումբային գրանցումը, բայց նաև չի բացառում, որ Հալանդը ևս մեկ տարի կմնա «Բորուսիայում»։ Սա ձեռնտու է «սերուցքայիններին», քանի որ մեկ տարի անց ավելի հեշտ կլինի տրանսֆերն իրականացնելը, քանի որ հիմա թիմում հիմնական հարձակվողը Բենզեման է և այլ ֆուտբոլիստի համար տեղ պարզապես չկա։

«Բորուսիայի» ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ Հալանդին ևս մեկ մրցաշրջան պահի թիմում։ Նրանք պատրաստ են զգալիորեն բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը և եթե 21-ամյա հարձակվողը համաձայնվի, ապա ավտոմատ կակտիվանա հրաժարագինը, որից հետո «Ռեալը» Հալանդին կկարողանա գնել հստակ թվի թիմաց։ «Սերուցքայինների» համար սա ամենաընդունելի տարբերակն է։ Նրանք նորվեգացու տրանսֆերի համար մղվող պայքարում պետք է դիմակայեն ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակցությանը։

Հարկ է նշել, որ «Բորուսիայի» ղեկավարությունն արդեն հանդիպում է նշանակել ֆուտբոլիստի ու նրա գործակալի հետ։


3. Ռյուդիգեր

«Չելսիի» կենտրոնական պաշտպանը «Ռեալի» պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական տարբերակն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա հաջորդ տարի ազատ գործակալ է դառնում և կարող է կրկնվել Ալաբայի սցենարը։

Այնուամենայնիվ, 28-ամյա կենտրոնական պաշտպանի տեղափոխությունն այս պահին առաջնային չէ «Ռեալի» համար։ Ակումբի ղեկավարությունը շատ գոհ է Միլիտաո-Ալաբա զույգի համագործակցությունից։ Ռյուդիգերի տեղափոխությունը կարող է խնդիրներ առաջնել, քանի որ հենց նա է պաշտպանության կենտրոնում խաղալու Միլիտաոյի հետ, իսկ Ալաբան Մենդիի հետ պետք է մրցակցի ձախ պաշտպանի դիրքի համար։