Հոդվածներ

Կամավինգան դուրս է գալիս ափերից
29.10.2021
6336 0

Ընթացիկ մրցաշրջանում Կարլո Անչելոտին արդեն երկու անգամ ստիպված է եղել ընդմիջման ընթացքում փոխարինել Էդուարդո Կամավինգային, որպեսզի խուսափի թիմին 10 հոգով թողնելուց։

«Կամավինգան ունի ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնի «Ռեալում»։  Նա ճնշում չի զգում իր վրա։ Այդպիսին է նրա բնավորությունը։ Էդուարդոն միշտ ժպտում է, կատակում». այսպես էր բնութագրել Անչելոտին Կամավինգային։ 

Իտալացի մասնագետը հասկացել է, որ երիտասարդ ֆուտբոլիստները թիմին տալիս են ոչ միայն թարմություն, այլ նաև էմոցիաներ, որը նա չի կարող կառավարել։ «Օսասունայի» դեմ խաղում Կամավինգան հիանալի հնարավորություն էր ստացել իրեն դրսևորելու 4-3-3 մարտավարության պայմաններում։ Մինչ այդ բոլոր կարևոր խաղերին Անչելոտին հիմնական կազմում տեղ էր հատկացրել Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո եռյակին։ 

«Օսասունայի» դեմ խաղի առաջին 45 րոպեների ընթացքում Կամավինգայի գործողություններում կարելի էր տեսնել և՛ դրականը, և՛ բացասականը։ Այդ ընթացքում նա երեք հարված կատարեց մրցակցի դարպասին, որոնցից մեկը գլխով։ Սակայն արդեն խաղի 28-րդ րոպեին Կամավինգան Տորոյի հետ պայքարում կոպիտ խաղալու համար դեղին քարտ ստացավ։ Ընդամենը երկու րոպե անց նա ևս մեկ անգամ կոպիտ խախտում թույլ տվեց՝ այս անգամ հարված հասցնելով Ռուբեն Գարսիային։ Անկասկած Ֆրանսիայի առաջնությունում պայքարը շատ ավելի կոպիտ է, ինչի մասին բազմիցս խոսել է նաև Նեյմարը։ Թոփ հինգ առաջնություններում Կամավինգան երկրորդ ֆուտբոլիստն է, ով դեղին քարտ է ստանում յուրաքանչյուր 60 րոպեն մեկ անգամ։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Մատեուս Կունյային (56 րոպե)։ Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում արդեն 4 անգամ պատժվել է դեղին քարտով։ 

«Օսասունայի» դեմ խաղում Անչելոտին ստիպված էր նրան փոխարինել ընդմիջման ժամանակ։ Դա տեղի էր ունեցել նաև «Էսպանյոլի» դեմ խաղում։

Los Merengues, Realmadrid.am