Հոդվածներ

Կարլո Անչելոտիի փիլիսոփայությունը
08.09.2021
2653 0

Կարլո Անչելոտին առաջին հերթին փորձելու է ուղղել պաշտպանությունում այն սխալները, որոնք թիմը թույլ է տվել Լա Լիգայի առաջին երեք տուրերի ընթացքում, և բացի այդ նա մտադիր է կրկին վերադարձնել գոլեր խփող «Ռեալը», որին մենք չտեսանք հատկապես նախորդ մրցաշրջանում։ Բայց Ռոնալդուն այլևս «Ռեալում» չէ, իսկ Մբապեի տեղափոխությունը չկայացավ։ 

Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» անցկացրած 52 խաղերում ընդամենը 88 գոլ էր խփել, ինչը մտահոգիչ ցուցանիշ է։ Դա վատագույն ցուցանիշն է 2006/07 մրցաշրջանից ի վեր։  

Անչելոտին գերադասում է ավելի շատ գոլեր տեսնել, և առայժմ նրա ծրագրերը աշխատում են։ Առաջին երեք տուրերի արդյունքում «Սերուցքայինները» 7 միավոր են վաստակել և խփել են 8 գնդակ։  Միջին ցուցանիշը մեկ խաղում 2.6 գոլ է, ինչը գրեթե 1 գոլով ավելի է նախորդ մրցաշրջանում Զիդանի թիմի գրանցած արդյունքից։ 

Չնայած այն ամենին, որ սա դեռ մրցաշրջանի մեկնարկն է, այնուամենայնիվ թիմի գրանցած արդյունքները հուսադրող են։ ՉԼ-ից առաջ թիմին պետք է նման վստահություն։ ՉԼ-ի գալիք մրցաշրջանում «Ռեալը» իր ելույթները սկսելու է «Ինտերի» դեմ խաղով, որը կարելի է ասել, խմբում ամենաբարդ մրցակիցն է «Ռեալի» համար։ 

Անչելոտիի առջև բարդ խնդիր է դրված։ Նա պետք է պահպանի գոլերի միջին ցուցանիշը մինչ մրցաշրջանի ավարտը։ Եթե իտալացի մասնագետին հաջողվի անել դա, ապա նա կկրկնի իր ցուցանիշը՝ 160 գոլ անցկացրած 60 խաղերում։ Այդ մրցաշրջանում «Ռեալը» նվաճեց նաև «Դեսիման»։  

Իր շնորհանդեսի ժամանակ Անչելոտին նշեց, որ թիմին պետք է ավելի շատ գոլեր խփել, և դա չպետք է անի միայն Կարիմ Բենզեման։ Վինիսիուսը և Բեյլը կարծես թե լսել են մարզչի խոսքերը։ 

Մրցաշրջանի մեկնարկում Անչելոտին գտավ այն ֆուտբոլիստին, ով հետագայում պետք է աճ գրանցի։ Դա Վինիսիուսն է։ Առաջին երեք մրցաշրջաններից հետո Վինիսիուսի ցուցանիշները այնքան էլ տպավորիչ չէին։ Նրա դրիբլինգը բարձր մակարդակի վրա էր, սակայն պահերի իրագործման առումով հարցեր էին առաջանում։ Անչելոտին աշխատում է այդ ուղղությամբ։ Այժմ բրազիլացին չի փակվում միայն ձախ եզրում։ Նա ավելի շատ է տեղափոխվում կենտրոն և ավելի շատ է ազատ գոտիներում հայտնվում, ինչը հարված է հասցնում մրցակցին։ 

«Հստակ չեմ կարող ասել, կդառնա՞ Վինիսիուսը մեծ գոլահար, թե ոչ, բայց նա կարող է շատ գոլեր խփել միջին տարածությունից և դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս գալիս». նշել էր Անչելոտին «Լևանտեի» դեմ խաղից հետո։ 

Վինիսիուսը դարձել է այն ֆուտբոլիստը, որին պատրաստ չէին տեսնել մրցակիցները՝ հատկապես գոլերի առումով։ Անչելոտիի օրոք բրազիլացու յուրաքանչյուր հպումը գնդակին կարելի է ասել «ոսկյա» է։  «Լևանտեի» դեմ խաղում նա գլխավորեց ակումբի ռմբարկուների ցուցակը, ինչպես նաև մեկնարկային կազմից դուրս թողեց Էդեն Ազարին։ Վերջապես Վինիսիուսը կարողանում է օգնել Բենզեմային հարձակման գծում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված