Մադրիդի «Ռեալը» նախօրեին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ակումբը դատական գործընթաց է սկսել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի ու CVC ներդրումային հիմնադրամի դեմ՝ պայմանավորված վերջինների միջև իսպանական ակումբներին առնչվող պայմանագրի ստորագրմամբ:
Հիշեցնենք, որ Լա լիգան ու տվյալ հիմնադրամը կեսդարյա պայմանագիր են կնքել, որով ներդրումային ընկերությունը, հիմնական իրավունքներից զատ, իսպանական ակումբների, այդ թվում՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» ակտիվներին տիրապետելու որոշակի իրավունք է ստանում:
Առավոտյան Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել գործարքի վերաբերյալ՝ ևս մեկ հարված հասցնելով Խավիեր Տեբասին ու նոր կնքված գործարքին: Հայտարարության համաձայն՝ Լա լիգայի ու CVC ներդրումային հիմնադրամի միջև կնքված պայմանագիրն ամբողջությամբ անօրինական է:
Սա հերթական ապացույցն է, որ իսպանական ֆուտբոլում ուղղակի խառնաշփոթ է տիրում: Onda Cero-ի տեղեկություններով՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» անգամ կարող են արգելել իրենց խաղերի հեռուստառադիոհեռարձակումն այնքան ժամանակ, քանի դեռ Տեբասը ծրագրի իրականացումից ետ չկանգնի: Այս տարբերակը, սակայն, քիչ հավանական է:
Robbie Raul, Realmadrid.am