Անցել է 72 ժամ, որի ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Սուպերլիգայի ստեղծման, ՈՒԵՖԱ-ի հետ հարաբերությունների մասին ու մատնանշել խնդիրներ, որին ակումբը պետք է բախվի արդեն մոտակա ժամանակներս։
Ռամոսի հարցը
Իսպանացու հետ բանակցությունները երկարաձգելու հարցն այդպես էլ չի լուծվել, չնայած դրսում արդեն ապրիլ ամիսն է։ Բայց Պերեսը հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին, քանի որ ակումբը պատրաստ է ինչպես երկարաձգել գործող պայմանագիրը, այնպես էլ հրաժեշտ տալ ավագին։ Եթե խոսք է գնում երկրորդ տարբերակի մասին, ապա «Ռեալն» ունի Նաչո ու Միլիտաո, որոնք հիանալի մարզավիճակում են։ Ինչպես նաև Ալաբայի հետ պայմանագիրը գրեթե կնքված կարելի է համարել։ Այնպես որ Ռամոսի հարցը ամենաառաջնայինը չէ Պերեսի համար։
Զիդան
«Ռեալի» նախագահը վերջին օրերին նաև բազմիցս խոսել է Զիդանի մասին։ Ձմռանը թիմը գտնվում էր լուրջ խաղային ճգնաժամի մեջ, իսկ այսօր արդեն պայքարում է չեմպիոնության ու Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար։ Այնուամենայնիվ, չնայած թիմի իրավիճակի բարելավմանը, առանց տիտղոսների մրցաշրջանը կարող է ավարտել Զիդանի՝ «Ռեալում» գտնվելու ժամանակաշրջանին։
Իր հարցազրույցում Պերեսը նշել է, որ չի հեռացնի Զիդանի մակարդակի լեգենդին։ Եվ չնայած անձամբ ֆրանսիացին չի մեկնաբանում իր ապագայի մասին խոսակցությունները, լիովին հավանական է, որ տիտղոսների բացակայության պայմաններում նա իր նախաձեռնությամբ հեռանա թիմից։
Այդ է պատճառը, որ ակումբի ղեկավարությունը մշտադիտարկում է մարզիչների շուկան՝ չմոռանալով նաև «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլի մասին։ Զիդանի հեռանալու դեպքում ակումբի ղեկավարությունը մտադիր է առավել ուշադիր գտնվել նոր գլխավոր մարզչի թեկնածության հարցում, քան դա եղավ 2018 թվականին, երբ Զիզուն լքեց թիմը։
Նոր «գալակտիկոսի» տրանսֆերը
Պերեսը հասկանում է, որ «Ռեալին» համաշխարհային մակարդակի աստղ է պետք, որը ակումբին կհաղորդի լիցքեր ինչպես խաղային, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից։ Եվ «սերուցքայինները» մատիտով գրած ունեն այդ ֆուտբոլիստին՝ Մբապե։ Ֆրանսիացի հարձակվողը շարունակում է մերժել ՊՍԺ-ի՝ պայմանագիրը երկարաձգելու փորձերը։ Նա ցանկանում է լքել փարիզյան ակումբը, չնայած այն հանգամանքին, որ ակումբի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Այնուամենայնիվ, Մբապեի տրասնֆերը կազմակերպելը շատ բարդ գործընթաց է։
Չպետք է մոռանալ նաև Հոլանդի մասին, որին մադրիդյան ակումբի ղեկավարությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ նույնպես համարում է նախընտրելի տարբերակ։ «Ռեալում» կցանկանային թիմ հրավիրել և ֆրանսիացուն, և նորվեգացուն, բայց ակումբում հասկանում են, որ դա հեշտ գործ չի՝ հաշվի առնելով այս ֆուտբոլիստների մեջև առկա լուրջ մրցակցությունը։
Փոփոխություններ ակումբի ղեկավարման համակարգում
Տրանսֆերային շուկայի ձևափոխվելն ու տնտեսական ճգնաժամը «Ռեալին» կարող են ստիպել փոփոխությունների գնալ նաև ակումբի ղեկավարման համակարգում, ինչի մասին նաև Պերեսն է ակնարկել։ «Ռեալը» մարզական տնօրեն չունի։ Մարզական տնօրենի մասնավոր գործառույթներ ներկայումս վստահված են սկաուտական ծառայության ղեկավար Հունի Կալաֆաթին, որը հենց այս պաշտոնի գլխավոր հավակնորդն է։