AS-ը հաղորդում է, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով շուտով կգլխավորի «Ռեալ Մադրիդը», ակումբի ղեկավարությանը հայտնել է, թե որ խաղացողներին է մտադիր ձեռք բերել։
Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն «Ռեալ Մադրիդին» ասել է, որ «գալակտիկոսներ» ձեռք բերելու փոխարեն ակումբը պետք է ձեռք բերի հավակնոտ, աշխատասեր խաղացողների, որոնք պատրաստ են պայքարել, վազել և զոհողությունների գնալ թիմի համար։ Նաև նշվում է, որ պորտուգալացին չի սիրում չափազանցված ինքնագնահատական ունեցող խաղացողներին։
Ասվում է, որ «Ռեալ Մադրիդը» վճռականորեն տրամադրված է վերադարձնել տաղանդավոր հարձակողական կիսապաշտպան Նիկո Պասին, բացահայտել ակադեմիայի խաղացող Տիագո Պիտարչի ներուժը, ինչպես նաև՝ հիմնական թիմը համալրել կենտրոնական և աջ պաշտպաններով, և ուժեղացնել ձախ պաշտպանի ու կիսապաշտպանության դիրքերը՝ մրցակցային միջավայր ստեղծելու համար։
Ընդգծվում է, որ Մոուրինյոյի ցանկությունների ցանկում են մեկ ստեղծագործ խաղարկող (հավանաբար՝ Պաս) և մեկ հենակետային կիսապաշտպան։ Ինչ վերաբերում է հարձակման աջ եզրը ուժեղացնելուն, պորտուգալացին չի տեսնում նշանակալի ձեռքբերման անհրաժեշտություն այդ գոտում, մասնավորապես՝ չի պահանջում այնպիսի աստղային խաղացողի առկայություն, ինչպիսին է «Բավարիայի» խաղացող Մայքլ Օլիսեն։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն