Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բարսելոնային» (10.05.2026, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Էլ Կլասիկոյի» մասին
«Էլ Կլասիկո՞»: Ես ակնկալում եմ թոփ-խաղ թոփ-մրցակցի դեմ, որը հանդես է գալիս բացառիկ լավ: Մենք շատ ենք սպասում այս հանդիպմանը, իզուր չէ, որ այն ամենամեծ իրարանցումն է առաջացնում աշխարհում: Մենք կմեկնենք Կատալոնիա ամբիցիաներով և հաղթանակի ձգտումով»:
Հարգանքի և ԶԼՄ-ների մասին
«Ես թույլ չեմ տա մարդկանց ասել, թե խաղացողներն ինձ չեն հարգում: Նման բան ոչ մի անգամ չի եղել: Լրատվամիջոցներում հնչել են շատ ստեր և հորինվածքներ»:
«Սուտ են նաև այն պնդումները, թե խաղացողներն իրենց ոչ պրոֆեսիոնալ են պահում, կամ որ նրանցից որևէ մեկը չի խաղում ինձ հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Եթե ինչ-որ մեկը չի խաղում, ապա դա տեղի չի ունենում այն պատճառով, ինչ պատահում է դաշտից դուրս»:
«Ի վերջո, մրցաշրջանը չի արդարացնում սպասելիքները, և դա իմ մեղքն է: Բայց ես այստեղ եմ 4 ամիս և հպարտանում եմ իմ խաղացողներով: Հասկանալի է, որ կարող են լինել բարկություն և հիասթափություն, բայց հիմա եկեք կենտրոնանանք խաղի վրա»:
Վալվերդեի և Չուամենիի կոնֆլիկտի մասին
«Ուզում եմ մի քանի բան ասել: Նախ՝ ես հպարտ եմ ակումբի վճռականությամբ, արձագանքի արագությամբ և թափանցիկությամբ այս թեմայի շուրջ: Երկրորդ՝ խաղացողները ընդունել են իրենց սխալը, զղջում են հայտնել և ներողություն են խնդրել: Ինձ համար դա բավական է»:
«Ես չեմ պատրաստվում նրանց հրապարակավ խաչել, որովհետև նրանք դրան արժանի չեն: Վերջին 4 ամիսների ընթացքում նրանք ինձ ցույց են տվել, թե ինչ է նշանակում լինել «Մադրիդի» մարզիչ: Նրանք ցույց են տվել, թե ինչ է նշանակում լինել «Մադրիդի» խաղացող, և ես դա չեմ մոռանա»:
«Միշտ մի օրինակ եմ բերում. ինձ համար Խուանիտոն օրինակ է և մարմնավորումն այն բանի, թե ինչպիսին պետք է լինի «Մադրիդի» ֆուտբոլիստը: Նա երբեք չի դավաճանել «Մադրիդի» ոգուն: Եվ ես կարծում եմ, որ երկրպագուները հպարտանում էին նրա մասնակցությամբ յուրաքանչյուր խաղով: Նա հասկանում էր, թե ինչ է «Ռեալ Մադրիդը»՝ ներդնելով իրեն ամբողջությամբ»:
«Եվ այնուամենայնիվ, մենք նրան սիրում ենք ոչ թե այն պատճառով, որ նա անթերի ռոբոտ էր, այլ որովհետև նա մարդ էր և նույնպես սխալվում էր: Վալվերդեն և Չուամենին նույնպես սխալվեցին, և նրանք արժանի են նրան, որ մենք շրջենք այս էջը և շարունակենք առաջ շարժվել՝ պայքարելով այս ակումբի համար: Ես շատ հպարտ եմ Վալվերդեով և Չուամենիով»:
Կոնֆլիկտը չկանխելու մասին
«Ես իմ սեփական գրասենյակը չունեմ խաղացողների հանդերձարանի ներսում: Ես կցանկանայի պատասխանատու լինել ամեն ինչի համար և ամեն ինչ վերահսկել։ Եթե այս պատմությունից հետո առաջանում է ըմբռնում, որ դա պետք է կանգնեցներ մարզիչը, ես ընդունում եմ դա: Եկեք առաջ շարժվենք՝ անելով ճիշտ հետևություններ: Մի մոռացեք, որ վաղը «Կլասիկո» է»:
«Արտահոսքերի» և «Առնետի» մասին
«Ինձ համար ամենալուրջ խնդիրն այն է, որ հանդերձարանում տեղի ունեցածը պետք է մնա հանդերձարանում: Հանդերձարանից տեղեկատվության «արտահոսքերը» համարում եմ դավաճանություն ակումբի հանդեպ»:
«Իսկ պատահածը պարզապես թյուրիմացություն է: Դրա մասին պետք է մոռանալ: «Առնետ» հանդերձարանու՞մ. ես դետեկտիվ չեմ: Ես որևէ մեկին չեմ մեղադրի, դա իմ իրավասությունը չէ»:
Դժվար ժամանակների մասին
«Մադրիդում» լինել առանց հաղթանակների հեշտ չէ, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Մենք ապրել ենք ծանր ժամանակներ՝ երկար ժամանակ չհաղթելով Չեմպիոնների լիգայում: 12 տարի... ծանր շրջան էր»:
Բայց մենք պետք է դուրս գանք նման շրջաններից միասին՝ երկրպագուները, ակումբը... Եվ ոչ ոք ավելի լավ չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, քան մեր նախագահը: Նրան հաջողվեց վերադարձնել «Մադրիդը» այնտեղ, որտեղ նրա տեղն է: Եվ մենք բոլորս պետք է պայքարենք դա նորից անելու համար»:
Հանդերձարանի մթնոլորտի մասին
«Մթնոլորտը հանդերձարանու՞մ: Իհարկե առողջ է: Հեշտ չէ ընդունել 2 մրցաշրջան առանց տիտղոսների, դա չի համապատասխանում «Մադրիդի» խաղացողների ամբիցիաներին: Իհարկե, մենք պետք է ավելի լավ գործեինք, ինչ-որ բան փոխեինք, վերլուծեինք, բայց ես տեսնում եմ առողջ հանդերձարան, սա լուրջ եմ ասում: Այս ֆուտբոլիստները պատրաստ են նորից հաղթել, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի բոլորը կունենան ավելի շատ փորձ և ըմբռնում այն մասին, թե ինչ է նշանակում ակումբի զինանշանը: Այս 4 ամիսների ընթացքում տեղի ունեցած ոչ մի բան ինձ չի ստիպի ասել, որ ես երջանիկ չեմ կամ չեմ հպարտանում այս հանդերձարանով»:
Կարերասի և Մբապպեի մասին
«Կարերասի ռեակցիան «Էսպանյոլի» դեմ խաղո՞ւմ. ես կարող եմ միայն պաշտպանել նրան այն բանի համար, թե ինչպես էր նա ներդնում իրեն և ինչպես էր վերաբերվում ինձ: Երբ նա խաղում էր՝ դա այն պատճառով էր, որ նա արժանի էր դրան: Երբ չի խաղում՝ դա այն պատճառով է, որ ինչ-որ մեկն ավելի շատ է արժանի դրան»:
«Մբապեն հսկայական ջանքեր է գործադրել «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու համար: Նա շատ բան է զոհաբերել իր երազանքն իրականացնելու համար: Մենք բոլորս տեսել ենք նրա մանկության լուսանկարները «Մադրիդի» համազգեստով»:
«Եթե ինչ-որ մեկն ուզում է կոնտեքստից դուրս հանել կադրերը, որտեղ որևէ խաղացող ժպիտով լքում է մարզումը... ընդհանուր առմամբ, կրկնում եմ, դա կոնտեքստից դուրս հանել է»:
Եզրափակիչ հստակեցումներ
Չուամենին կխաղա «Բարսելոնայի» դեմ»:
«Համաձա՞յն եմ, որ ավագին պետք է ընտրել, այլ ոչ թե դարձնել ըստ ակումբում գտնվելու ժամկետի. ես շատ-շատ գոհ եմ «Մադրիդի» ավագներից»: