Հոդվածներ

Կարվախալի «անհարմար» վերադարձը
24.04.2026
708 0

Լատերալի սկանդալային դեպքը, ով արդեն ամիսներ է՝ չի կարողանում հետ բերել իր տեղը կազմում, որպեսզի մեկնի Աշխարհի առաջնությանը, իր վերջին արարն է ապրում Արբելոայի հետ լարված հարաբերություններում:

«Եթե թույլ կտաք, ես կմտածեմ իմ թիմի համար լավագույն տարբերակի մասին»: Այս խոսքերը կայծակնային արագությամբ տարածվեցին: Այն սառնությունը, որով Արբելոան խոսեց Կարվախալի մասին «Ալավեսի» դեմ հաղթանակից հետո, մարզչի և խաղացողի լարված հարաբերությունների հերթական դրվագն է:

Երբ Արբելոային հարցրին՝ արդյոք նա կարո՞ղ է օգնել «սերուցքայինների» ավագին հասնել Աշխարհի առաջնության «գնացքին»՝ տալով նրան ավելի շատ խաղաժամանակ, մարզիչը կտրուկ եղավ. «Ես կազմում ունեմ 23 խաղացող, և «Մադրիդի» ցանկացած ֆուտբոլիստ հնարավորություն ունի մեկնելու Աշխարհի առաջնությանը»: Այս հայտարարությունից հետո «Կարվախալի գործը» նոր թափ ստացավ: Արդեն «Բետիսի» դեմ խաղից առաջ Արբելոան պարզաբանեց. «Իմ պատասխանը լուրջ էր ու կտրուկ, որովհետև հարցը համարեցի անտեղի»:

Արդեն ամիսներ է, ինչ ավագի վիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Կարվախալը ուղղակի խաղացող չէ. նա լեգենդ է, այն խմբից, ովքեր ունեն 6 Չեմպիոնների լիգայի գավաթ: Դրա համար էլ նրա պահեստային մնալը հատուկ աղմուկ է բարձրացնում, հատկապես հաշվի առնելով նրա երազանքը՝ հավաքականին հրաժեշտ տալ Աշխարհի առաջնությունում:

Լարված վերադարձ վնասվածքից հետո

Կարվախալի վերադարձը վերջին վնասվածքից շատ «անհարմար» ստացվեց: Գտնել հավասարակշռությունը նրա անվան, ֆիզիկական վիճակի և թիմի ծանր դրության միջև գրեթե անհնար է: Այս «խնդիրը» ունեցել է նաև Խաբի Ալոնսոն, իսկ հիմա ժառանգել է Արբելոան: Կարվախալը վերադարձավ հունվարի 4-ին, բայց րոպեները նրան տրվում էին շատ դժվարությամբ:

Կարվախալը սկսեց բարկանալ, մինչև որ պոռթկաց: Փետրվարի 1-ին «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում պահեստայինների նստարանին մնալը (առանց մի րոպե խաղալու) վերջնականապես սրեց հարաբերությունները նոր մարզչի հետ: Մեկ շաբաթ անց «Մեստալիայում» Արբելոան հիմնական կազմում դաշտ դուրս բերեց սան Դավիթ Խիմենեսին՝ պահեստայինների նստարանին թողնելով Կարվախալին և Տրենտին: Կարվախալի զայրույթը ակնհայտ էր Պինտուսի հետ նրա բուռն վիճաբանության ժամանակ, որը տեղի ունեցավ հենց խոտածածկին՝ խաղից անմիջապես հետո:

«Մեստալիայի» այդ տեսարանը բացահայտեց ամեն ինչ, ինչին հաջորդեց Արբելոայի և Կարվախալի առանձնազրույցը՝ կրքերը հանդարտեցնելու համար: Արդյունքում՝ Դավիթ Խիմենեսը վերադարձավ «Կաստիլյա», բայց Կարվախալը դեռ դժգոհ է: Նա գրեթե չի խաղացել «Բավարիայի», «Սիթիի» կամ «Բենֆիկայի» դեմ: Միայն «Ատլետիկոյի» դեմ խաղում նա հայտնվեց մեկնարկային կազմում, այն էլ այն պատճառով, որ Տրենտը ուշացել էր:

«Կարվախալը ակումբի ամենակարևոր սանն է»,- ասել է Արբելոան իր վերջին ասուլիսի ժամանակ: «Ես նրա հետ միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել և հարգանքով եմ վերաբերվել: Դժվար է պատկերացնել, որ մարզիչը կազմը ընտրի ոչ ֆուտբոլային պատճառներով: Դանին չի խաղում, որովհետև կարող են խաղալ միայն 11-ը: Ես ստիպված եմ անարդար լինել խաղացողների հանդեպ»: