• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե, Արբելոա, Վինիսիուս... Բոլորը մեղավոր են, բացի Ֆլորենտինոյի՞ց

Հոդվածներ

Մբապե, Արբելոա, Վինիսիուս... Բոլորը մեղավոր են, բացի Ֆլորենտինոյի՞ց
12.04.2026
785 0

Պեդրո Մորատայի կարծիքը

«Ռեալ Մադրիդը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան: Ավելի հեշտ է հավատալ դրան, քան Լա լիգայում հաղթելուն: Թվում է՝ խաղացողներին այլևս «չի հուզում» առաջնությունը, և նրանք ակտիվանում են միայն Չեմպիոնների լիգայի ճնշման տակ: Երբ «Մադրիդը» վիրավորված է, նա դառնում է իսկական վտանգ, բայց դա ոչ թե պլանավորված խաղ է, այլ անհատական որակի ու հաղթելու բնազդի պայթյուն: Նախկինում դա բավական էր, հիմա մեծ կասկածներ ունեմ:

Այս օրերին բոլորը վերլուծում են «Ռեալի» անկումը: Բայց կարծիք հայտնելը հեշտ է, որոշում կայացնելը՝ դժվար: «Մադրիդում» որոշում կայացնողը Ֆլորենտինո Պերեսն է: Բայց ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր վերլուծում են իրական տվյալները՝ վեր կանգնելով Արբելոայի կամ մամուլի կարծիքից: Սովորաբար դա անում է սպորտային տնօրենը, բայց «Մադրիդում» այդ պաշտոնը, ըստ էության, գոյություն չունի:

Խոսե Անխել Սանչեսը գլխավոր տնօրենն է, ոչ թե սպորտային: Յունի Կալաֆատը սկաուտների ղեկավարն է: Սոլարին ու Բուտրագենյոն այլ գործառույթներ ունեն: Ուստի հարց է առաջանում՝ այս իրավիճակում ո՞վ է «կատվի վզից զանգը կախելու»։

Եթե «Մադրիդը» դուրս մնա Չեմպիոնների լիգայից և պարտվի Լա լիգան, դա կլինի երկրորդ անընդմեջ տարին՝ առանց տիտղոսների: Նման սցենարը պահանջում է լուրջ որոշումներ, ոչ թե պոպուլիստական քայլեր: «Մադրիդը» չափազանց լուրջ կառույց է, որպեսզի ամեն ինչ հանգեցվի նրան, որ եթե Չեմպիոնների լիգան հաղթենք, ուրեմն ամեն ինչ լավ է: Շատ բաներ կան ուղղելու:

Արդյո՞ք խնդիրը միայն մարզչի մեջ է: Անչելոտի, Չաբի Ալոնսո, Արբելոա... արդյո՞ք բոլորն են սխալ, թե՞ խնդիրը կազմի ձևավորման մեջ է: Երեք տարի է՝ հենակետային չի գալիս: Մաստանտուոնոյի հարցը, Վինիսիուսին վաճառելու կամ չվաճառելու դիլեման... Ֆլորենտինոն վերջերս հերքեց, որ սպորտային տնօրեն է փնտրում: Նրա ուղերձն էր. «Ես Ֆլորենտինոն եմ, ով 10 տարում 6 Չեմպիոնների լիգա է հաղթել, ես տնօրենի կարիք չունեմ»: Սա ուժեղ փաստարկ է, բայց նույնիսկ նրան պետք է մեկը, ով սառնասրտորեն կվերլուծի իրավիճակը:

Զարմանալի է, թե ինչպես է մամուլը պաշտպանում Ֆլորենտինոյին: Նա արժանի է հարգանքի, բայց նրա նկատմամբ պետք է լինել նույնքան պահանջկոտ, որքան ինքն է իր մարզիչների նկատմամբ: Չգիտե՞ր նա, որ Վինիսիուսն ու Մբապեն նույն դիրքում են խաղում: Չգիտե՞ր, որ երկու աստղերի բախումը խնդիր է դառնալու:

Նույնիսկ եթե «Մադրիդը» հաղթի Չեմպիոնների լիգան, իմ կարծիքով, մենք գործ ունենք նախագահական ցիկլի ավարտի հետ: Պերեսը 79 տարեկան է, և նրա կառավարման մեջ հոգնածության նշաններ են երևում: Ով նրան սիրում է, պետք է դա ասի նրան: Նրա ժամանակը սպառվում է:


Ամենակարդացված