Հոդվածներ

Ռեմոնտադա կամ ոչինչ
09.04.2026
763 0

Մանուել Խուլիա, Marca.com
Չորս անկյունները՝ արժեքներ, դժվարություն, կանխատեսում, հույս

«Մադրիդը» երբեք չի հանձնվում։ Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է հաղթել այս «Բավարիային»՝ Օլիսեի խաղն ուղղակի տիեզերական է, բայց սա առաջին դեպքը չէր լինի, եթե «Մադրիդը» լռեցնի գերմանացի երկրպագուների հզոր ու անդադար մռնչյունը։ Գիտեմ, որ ժամանակներն ուրիշ էին, բայց ինչպես Անրին է ասել՝ այս մարզաշապիկը արթնացնում է մեծության արժեքներ, ներշնչում է անդադար պայքարի ծարավ և կուլ է տալիս հոռետեսությունը։ «Բավարիային» երկու գնդակի տարբերությամբ հաղթելն անհնար չէ, հարցրեք Գվարդիոլային, իսկ Միլիտաոյի, Բելինգեմի և գուցե Մենդիի ներկայությունը թարմացնում է հույսերը։ Ամեն դեպքում, «Մադրիդը» Մյունխենում կտա իր առավելագույնը, և անկախ նրանից՝ կանցնի առաջ, թե ոչ, դա կլինի մեկ այլ խաղ, որտեղ թիմն արդեն զգուշացված է իր թույլ կողմերի և գերմանացիների հզորության մասին։

Գերմանական մարտահրավերը

Երկրորդ խաղակեսի ընթացքում մի պահ եղավ, երբ ռեմոնտադայի հոտ էր գալիս։ Մարզադաշտը բղավում էր այնպիսի ուժով, որ առաջին անգամ ճնշեց վերին տրիբունայում գտնվող գերմանացիների անդադար կանչերը։ Նրանց կատաղությունն ու ուժը հավասար էին նրան, ինչ «Բավարիան» ցուցադրում էր դաշտում։ Այդ հզոր թիմը, որն ավելի լավն է, քան վերջինը, որը եկել էր «Բեռնաբեու», կազմակերպված ու համառ էր, վստահ ու վտանգավոր, և ճնշում էր «Մադրիդին» հատկապես ձախ թևով, որտեղ Օլիսեն նման էր քամու որդու։ Մբապեի և Վինիսիուսի դիպուկության պակասը կամ, ավելի շուտ, Նոյերի հաջող խաղը, ում տարիքը հազիվ է ազդում, խափանեց ամեն ինչ։ Հանդիսատեսի մեջ լինելով՝ ես զգացի, թե ինչպես են մեր մազերը նորից բիզ-բիզ կանգնում։

Փոթորկոտ գիշեր

Կաստելյանայի վրայով անցնող փոթորիկը լավ բան չէր գուժում։ Մթություն, ցուրտ, քամի, անձրև գիշերվա մեջ. բոլորս էլ ճանաչում էինք «Բավարիայի» կմախքը, և հենց սկզբից՝ առաջին խաղակեսում, փոթորիկը կարմիրների կողմից էր։ Թեև երկրորդում «Մադրիդը» դուրս եկավ ժանիքները ցույց տալով, գերմանացիների գոլը մեզ ստիպեց վատթարագույնը կանխազգալ։ Բայց մարզադաշտը թնդաց Չեմպիոնների լիգայի այն «Մադրիդի» համար, որը միշտ հայտնվում է և մահացու հարված հասցնում մրցակիցներին։ Վինիսիուսը հնարավորություն ունեցավ, նաև Մբապեն։ Մենք զգում էինք, որ հերթական մոգական գիշերը հաջորդ առավոտյան կլցնի լրահոսի վերնագրերը։ Եթե այդ գոլերից մեկն ուղղակի մտներ, դա դանակ կլիներ «Բավարիայի» կոկորդին, որովհետև նա հզորից վերածվեց ճնշվածի։

Մնում է եզրափակիչը

Պարտության մեջ չկա քաղցրություն, բավարարվածություն կամ հաճույք, կա միայն դատարկություն կամ հույս։ Ճակատագրի հարվածը շրջելու հնարավորությունը պատրանք չէ։ «Մադրիդն» այն փորձելու համար ունի իր հիշողության փաստարկը։ Քանի՜ անգամ են նրան համարել պարտված, բայց վերջում նա է եղել վերջինը ծիծաղողը։

Ճիշտ է, «Բավարիայի» աչքերում կրակե նշտար կա, բայց «Մադրիդին» երբեք չպետք է հաշվից հանել, որովհետև նա խաղում է ամեն ինչի համար, և այդ իրավիճակում սովորաբար հանում է իր ունեցած ողջ լավագույնը։ Եվ թիմն ավելի ուժեղ կլինի, քան մեկնարկում, հատկապես պաշտպանությունը, որն ավելի ամուր կլինի։ Բացի այդ, «Բավարիան» այստեղ ցույց տվեց պաշտպանական որոշակի թուլություն, որը, հուսով ենք, այնտեղ Մբապեն ու Վինիսիուսն այս անգամ կկարողանան օգտագործել։



Ամենակարդացված