Հոդվածներ

Ֆլորենտինո, Վինիսիուս, Մբապե և... Մոուրինյո՞, օ ո՜չ
20.05.2026
135 0

«Հայելու մյուս կողմում». Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

«Երկուսով քայլում էին, և մեջտեղինը ընկավ»,– սա մի անհեթեթ անեկդոտ էր, որը պատմում էին շատ վաղուց, և որն այժմ շատ տեղին է: Այդ երկուսը Վինիսիուսն ու Մբապեն են, իսկ մեջտեղինը՝ Ֆլորենտինոն, ով հենվում էր այդ երկու հենակների վրա թիմը վերակառուցելու համար, և նրանք հուսախաբ արեցին իրեն, որովհետև յուրաքանչյուրը ուզում է քաշել իր կողմը: Առաջինը դառնացրեց Խաբի Ալոնսոյի կյանքը, իսկ երկրորդը նույնն արեց Արբելոայի հետ: Յուրաքանչյուր դեպքում պատճառը նույնն էր. մյուսին ավելի բարյացակամ աչքերով նայելը:

Տարիներ առաջ անեկդոտը նման կլիներ. «Քայլում էին չորսով, և մեջտեղինը ընկավ»: Այդ չորսը «Գալակտիկոսներն» էին՝ Ֆիգուն, Զիդանը, Ռոնալդոն և Բեքհեմը՝ հիշատակված ըստ հայտնվելու խիստ հերթականության, այնքան, որքան աշտարակներ բուսնեցին հին մարզաբազայի տարածքում, իսկ մեջտեղինը Ֆլորենտինոն էր, ով ստիպված եղավ կտրուկ դադարեցնել իր մանդատը և փախուստի դիմել՝ խոստովանելով, որ նրանց վատ է դաստիարակել:

Զարմանալի է, որ նա մոռացել է այն, ինչ սովորեց այն ժամանակ և կիրառեց հետո. «Գալակտիկոսները» պետք է լինեն անհատներ: Երկուսն արդեն բազմություն են: Կրիշտիանուն (կամ Մեսսին, օրինակի համար), և թող բոլորն իմանան, որ մեկը, և միայն մեկն է պարի թագավորը, և որ կարիք չկա նրան նախանձելու կամ քննադատելու: Իհարկե, նա պետք է արժանի լինի դրան, և Կրիշտիանուն ու Մեսսին արժանի էին:

Մբապեի գալուց ի վեր Վինիսիուսն իրեն անհանգիստ զգաց, իսկ «Ոսկե գնդակի» ճամփորդությունը չեղարկելու որոշումը՝ միայն այն պատճառով, որ իրեն «ընդամենը» արծաթե գնդակն էին տալիս (ի դեպ, Անչելոտիին և ակումբին տալիս էին ոսկին), վերջնականապես շփոթեցրեց նրան: Մեկ տարի առաջ, երբ սկսվեցին խոսակցությունները նրա պայմանագրի երկարաձգման մասին «մինուս քսանչորսերորդ ամսում», ինչպես ընդունված է, նա անակնկալ մատուցեց՝ պահանջելով այնքան, որքան ստանում է Մբապեն, և այդտեղ էլ նա մնացել է կանգնած:

«Մադրիդը» վատ մրցաշրջան անցկացրեց, որովհետև նրա աստղերից յուրաքանչյուրը թշնամացած էր տվյալ պահի մարզչի հետ, և նրանց թիկունքում ձևավորվել էին համապատասխան խմբավորումները, գումարած երրորդ խումբը՝ զրկվածները, ովքեր այս պղտոր ջրում պատճառներ գտան իրենց անձնական հուսախաբությունները սնուցելու համար: Առանց նպատակի միասնության ոչ մի գործ առաջ չի գնա:

Հիմա Ֆլորենտինոն նորից հայացքն ուղղում է դեպի Մոուրինյոն, չգիտեմ՝ որովհետև ավելիի համար փող չունի՞, թե՞ երևակայությունն է պակասում, թե՞ նրա մեջ փնտրում է այն կոշտ ձեռքը, որի կարոտն է զգում: Լավ մարզիչ և վատ քաղաքացի, նրա վերադարձը միայն խորացնում է պառակտումը:


Ամենակարդացված