• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Արբելոայի հետ ունեմ նույնպիսի հարաբերություններ, ինչպիսին Անչելոտիի հետ էր»

Հոդվածներ

Վինիսիուս. «Արբելոայի հետ ունեմ նույնպիսի հարաբերություններ, ինչպիսին Անչելոտիի հետ էր»
06.04.2026
379 0

«Մադրիդի» եզրային հարձակվողի նախախաղային մամուլի ասուլիսը

«Խաղը «Բավարիայի» դե՞մ (07.04, 23։00): Անկասկած, մեր կապը երկրպագուների հետ ամենակարևոր գործոնն է: Հենց նրանք են միշտ փոխում խաղերի դինամիկան Չեմպիոնների լիգայում: Մեզ դիմակայելու է լավ թիմ, բայց մենք նմանատիպ խաղերի փորձ ունենք և, հուսով եմ, ամեն ինչ ճիշտ կանենք»:

«Պարտությունը «Մալյորկայի՞ց»: Լինում են օրեր, երբ մենք պակաս համագործակցված ենք գործում, և հենց դա էլ տեղի ունեցավ: Մենք վերադարձանք հավաքականների խաղերից հետո, և ինչպես ասաց մարզիչը՝ եթե պատրաստ չես 200%-ով, նման խաղերում չես հաղթում»:

«Պայմանագրի երկարաձգո՞ւմը: Հուսով եմ՝ կկարողանամ մնալ «Մադրիդում» երկար տարիներ: Ինձ մնացել է ևս մեկ մրցաշրջան, բայց ես շատ հանգիստ եմ: Վայելում եմ նախագահի վստահությունը: Հարմար պահին ես կերկարաձգեմ պայմանագիրը և կմնամ այստեղ երկար ժամանակ, որովհետև սա իմ երազանքների ակումբն է»:

«Փոխհամագործակցությունը Ալոնսոյի հե՞տ: Դա դժվար ժամանակ էր, քանի որ ես մասնակցում էի շատ խաղերի, բայց քիչ էի խաղում, եթե խոսենք դաշտում անցկացրած րոպեների մասին: Բայց ամեն մարզիչ ունի իր մեթոդներն ու գաղափարները: Կարծում եմ՝ մեզ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ այն ամենի հետ, ինչ ուզում էր Ալոնսոն, ո՛չ էլ այն ամենի, ինչ ուզում էր թիմը:

Բայց դա արժեքավոր փորձ էր, ես շատ բան սովորեցի: Թիմակիցներս օգնում էին ինձ այդ շրջանում, և ես կարողացա վերլուծել իրավիճակն ու դառնալ ավելի լավը որպես անհատ: Հուսով եմ՝ կկարողանամ շարունակել նույն ոգով Արբելոայի հետ: Նրա հետ ունեմ հիանալի հարաբերություններ, ինչպես Անչելոտիի հետ էր: Նա միշտ վստահություն է ներշնչել ինձ, միշտ հստակ բացատրել է՝ ինչ է ուզում ինձնից դաշտում, և ես պատրաստ եմ ու ցանկանում եմ բարձր մակարդակով հանդես գալ մարզչի և այս ակումբի համար, որն ինձ այդքան շատ բան է տվել»:

«Իմ փոխարինումը մրցաշրջանի առաջին «Կլասիկոյո՞ւմ»: Դա տհաճ պահ էր, և ես ներողություն խնդրեցի բոլորից դրա համար: Ես սիրում եմ խաղերը մինչև վերջ անցկացնել: Բայց հանդարտվելուց հետո հասկացա, որ սխալ էի: Ես երիտասարդ եմ, 25 տարեկան, և ամեն օրը նոր փորձ է, որի շնորհիվ կարելի է կատարելագործվել»:

«Հիմա ինձ շատ լավ եմ զգում: Այս մրցաշրջանում ունեցել եմ դժվար շրջաններ, կարիերայիս մեջ առաջին անգամ այսքան երկար գոլ չէի խփում, երկրպագուները սուլում էին ինձ, բայց այդ ամենը նրա համար էր, որ ես ինչ-որ բան սովորեմ: Մարզավիճակի առումով նույնպես կարգին եմ, աշխատում եմ ինքս ինձ վրա մարզաբազայում և տանը՝ ֆիզիոթերապևտի հետ, որպեսզի 100%-ով պատրաստ լինեմ մեր խաղերին»:

«Հարաբերությունները Մբապեի հե՞տ: Մարդիկ շատ բան են խոսում: Մբապեն այստեղ է թիմին օգնելու համար, և նա մեզ վստահություն է ներշնչում իր արդյունավետությամբ: Վաղը մենք բոլորս պետք է լինենք նույն ալիքի վրա: Սա բարդ խաղ է, որտեղ վճռորոշ դեր են խաղում մեծ ֆուտբոլիստները: Մբապեն նրանցից մեկն է:

Իհարկե, ինձ բարկացնում է, երբ ասում են, թե Մբապեի հետ դաշտում ես ավելի քիչ եմ աշխատում պաշտպանությունում: Բայց մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են: Մենք պետք է լսենք գլխավոր մարզչին: Թիմից դուրս կատարվողը մեզ չի վերաբերում: Իսկ այնպես, մենք բոլորս կարող ենք միմյանց ավելի լավը դարձնել»:

«Ռասի՞զմ: Սա բարդ, անընդհատ կրկնվող թեմա է: Հուսով եմ, որ դրան բախված Յամալը նույնպես կշարունակի պայքարը: Ես չեմ ասում, որ Իսպանիան, Գերմանիան կամ Պորտուգալիան ռասիստական երկրներ են, բայց ռասիստներ կան ամենուր, և եթե մենք բոլորս միասին պայքարենք, հուսով եմ՝ մյուս մարդիկ էլ չեն տառապի ռասիզմից»:

«Ես շատ ուրախ եմ Միլիտաոյի վերադարձի համար: Նա իմ լավագույն ընկերներից մեկն է և աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը: Մեր թիմն ավելի լավն է, երբ նա շարքերում է: Երբ բոլոր խաղացողները առողջ են՝ մենք ավելի ուժեղ ենք»: