Միլիտաոն հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որտեղ հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի նորից խաղադաշտ դուրս գալ:
Միլիտաոյի վերադարձը շատ մոտ է: Կենտրոնական պաշտպանը կարող է ընդգրկվել վաղվա՝ «Մալյորկայի» դեմ խաղի հայտացուցակում: Երկարատև վնասվածքից հետո բրազիլացին պատրաստ է վերադառնալ: Նա խոսել է նորից իրեն ֆուտբոլիստ զգալու ցանկության մասին. «Պատիվ է խաղալ այստեղ: Երբ դաշտում եմ, կյանքս եմ ներդնում: Ցանկանում եմ վերադառնալ, լավ զգացողություններ ունեմ: Անհամբերությամբ սպասում եմ նորից խոտածածկին լինելուն»:
Բրազիլացին ընդգծել է ֆիզիկական լավ վիճակի կարևորությունը. «Պետք է քեզ հետևես նաև դաշտից դուրս, ոչ միայն խաղի ժամանակ: Նույնիսկ եթե չես խաղում, պետք է պատրաստ լինես 100%-ով, երբ մարզիչը քո կարիքն ունենա: Միշտ փորձում եմ կատարելագործվել՝ մենամարտեր, վերականգնում, օդային պայքար։ Երբ խաղում եմ, կենտրոնանում եմ լավի վրա, բայց երբեմն չի ստացվում: Շարունակում եմ աշխատել, որ նույն սխալը չկրկնեմ: Չեմ սիրում պարտվել կամ տխուր լինել: Ֆուտբոլը միշտ չէ, որ ուրախություն է, բայց ես միշտ տալիս եմ առավելագույնը»:
«Մալյորկայի» դեմ խաղի մասին. «Մեր դեմ բոլոր խաղերը ծանր են: «Մալյորկան» լավ թիմ ունի, նրանք ճնշում են գործադրում, մենք պետք է ուշադիր լինենք: Ֆուտբոլը դետալներ են, և մենք պետք է միշտ լինենք կապի մեջ և 200% պատրաստվածությամբ»:
«Բավարիայի» դեմ դիմակայության մասին. «Չեմպիոնների լիգայի գիշերները «Բեռնաբեուում» իսկական ներկայացում են: Երկրպագուները մեզ օգնում են: Գիտենք «Բավարիայի» որակը, բայց այս մրցաշարը մեզ համար առանձնահատուկ է: Եթե կա «Մադրիդը», ուրեմն կա ներկայացում»:
Լավագույն հիշողությունը և ամենաբարդ մրցակիցը. «21-22 մրցաշրջանի Չեմպիոնների լիգան իմ լավագույն պահն էր «Մադրիդում»: Ես իմ լավագույն վիճակում էի: Երազանքս էր հաղթել այդ գավաթը և ես դա արեցի: Իսկ այն հարձակվողը, ում դեմ պաշտպանվելն ամենադժվարն է եղել, Լևանդովսկին է: Նա մեծագույն հարձակվող է»:
Հայերեն