Հոդվածներ

Ֆլորենտինոյի դիլեման հաջորդ մարզչի հարցում. առանց կապանքների
22.03.2026
77 0

Պեդրո Մորատայի հոդվածը․ Marca.com

Հաջորդ մարզիչը պարտադիր չէ, որ լինի նոր մեկը. դա կարող է լինել հենց Ալվարո Արբելոան

Իրականում հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Արբելոան պաշտոնապես նշանակվի «Ռեալի» մարզիչ հաջորդ մրցաշրջանի համար: Այս պահին նա ժամանակավոր պաշտոնակատար է, թեև նրա դիրքերն ավելի ամուր են, քան երբ հեռացրին Խաբի Ալոնսոյին:

Ֆլորենտինոյի համար դա շատ հարցեր կլուծեր, եթե նա գոնե նվազագույն փաստարկներ ունենար նրան պաշտոնում թողնելու համար: Սակայն ներկայիս Ֆլորենտինոն «ՆԱՍԱ-ի հետազոտության» կարիքը չունի իր ուզածն անելու համար, ինչպես տեսանք Խաբի Ալոնսոյի դեպքում, ում հետ երեք տարվա պայմանագիր էր կնքել ու հեռացրեց: Իհարկե, եթե «Մադրիդը» տիտղոս նվաճի Արբելոայի հետ, «պոեզիան» կփոխվի. կասեն, թե նախագահի որոշման շնորհիվ թիմը շտկեց ընթացքը:

Համոզված եմ՝ եթե Արբելոան տիտղոս շահի, Ֆլորենտինոն նրան կթողնի պաշտոնում: Բայց ո՞ր տիտղոսն է բավարար նախագահին: Միայն Լա լիգա՞ն, թե՞ պետք է անպայման հաղթել Չեմպիոնների լիգան:

20-օրյա «մեղրամիսը»

Չնայած թիմը լավ վիճակում է, պետք է հիշել, որ այս «քաղցր» շրջանը տևում է ընդամենը 20 օր: Այդ ընթացքում թիմը ոչ այնքան լավ խաղով հաղթեց «Սելտային», ջախջախեց թույլ «Էլչեին» և, այո, հզոր հարված հասցրեց «Սիթիին»՝ ունենալով բազմաթիվ բացականեր: Սակայն մինչ այդ թիմը «Բեռնաբեուում» պարտվել էր «Խետաֆեին» և գրեթե կորցրել հույսը լիգայում:

Արբելոայի ապագան այլ կերպ էր երևում «Խետաֆեից» կրած պարտությունից հետո և այլ կերպ է երևում հիմա՝ «Սիթիին» հաղթելուց հետո: Բայց Չեմպիոնների լիգայում առջևում «Հիմալայներն» են՝ «Բավարիան», իսկ հետո՝ ՊՍԺ-ն կամ «Լիվերպուլը»: Արդար չէ Արբելոայի ճակատագիրը կապել միայն Չեմպիոնների լիգայի հետ, քանի որ դա չափազանց բարդ փորձություն է:

Ֆլորենտինոյի չափանիշները

Երբեմն նախագահները ուրիշներից պահանջում են այն, ինչ իրենցից չեն պահանջում: Մբապեն տարիներով խաղում էր նրա նյարդերի հետ, Զիդանը հեռացավ, որովհետև նախագահի աջակցությունը չէր զգում, իսկ Սուպերլիգան հեղինակության հարված էր ակումբի համար:

Ե՞րբ ես կհավատամ, որ Ֆլորենտինոն իսկապես վստահում է Արբելոային: Այն ժամանակ, երբ նա նրան պաշտոնում թողնի նույնիսկ առանց տիտղոսի: Դա կնշանակի, որ սա «նախագիծ» է, այլ ոչ թե պարզապես «սպեղանի»՝ Խաբի Ալոնսոյի հեռացման վերքը բուժելու համար:

Ինչու՞ Արբելոան

Արբելոան համապատասխանում է Ֆլորենտինոյի պահանջներին. նա «նրա տղան» է: Նրա հետ խոսելը հեշտ է: Կլոպի կամ Արտետայի հետ (ում պայմանագիրը մինչև 2027 է) Ֆլորենտինոն չէր կարողանա նույն կերպ խոսել: Իսկ Պերեսը սիրում է «խոսել» իր մարզիչների հետ:

Գարեթ Բեյլը մի առիթով ասել էր. «Մադրիդում պետք չէ լինել հանճարեղ տակտիկ, պետք է պարզապես կառավարել հանդերձարանի էգոները»: Կարծես թե ասում էր՝ մարզիչը պետք է պարզապես չխանգարի խաղացողներին: