• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նոր ճգնաժամ և նոր բողոքի ալիք՝ «Ֆլորենտինո՛, հեռացիր» վանկարկումներով

Հոդվածներ

Նոր ճգնաժամ և նոր բողոքի ալիք՝ «Ֆլորենտինո՛, հեռացիր» վանկարկումներով
04.03.2026
782 0

«Բեռնաբեուն» հոգնել է հերթական պարտությունից և տեսնելով, թե ինչպես է «Բարսան» հեռանում 4 միավորով

«Ռեալ Մադրիդը» կրկին ճգնաժամի մեջ է։ Նոր պարտությունը, այս անգամ «Խետաֆեից», գումարվում է նախորդ տուրում «Օսասունայից» կրած ձախողմանը։ «Սպիտակները» այժմ 4 միավորով հետ են մնում «Բարսայից», թեև ընդամենը մեկ շաբաթ առաջ «Էլ Սադար» էին մեկնում որպես առաջատար։ Ալվարո Արբելոայի «Մադրիդի» ուրախությունը կարճ տևեց։

Սակայն երեկվա պարտությանը պետք է գումարել նաև լիակատար անվերահսկելի վերջաբանը. հանդիսատեսը սկսեց լքել մարզադաշտը 85-րդ րոպեից՝ հավանաբար առաջին խաղակեսում Սատրիանոյի խփած գոլը հետ բերելու թիմի անկարողությունից հուսահատված։ Երկրորդ խաղակեսում տրիբունաներն աստիճանաբար թեժացան՝ թիմին ճանապարհելով սուլոցներով, իսկ որոշ հատվածներից հնչում էին «Ֆլորենտինո՛, հեռացիր» վանկարկումները։

Բացի այդ, «Մադրիդը» կորցնում է երեք խաղացողի հենց այս ուրբաթ կայանալիք «Սելտայի» դեմ խաղում։ Բացակայողների ցուցակում առաջինը հայտնվեց Հաուսենը, ով փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում Ալաբայի փոխարեն (երկու խաղ բաց թողնելուց հետո), բայց անմիջապես դեղին քարտ ստացավ, ինչը նշանակում է որակազրկում։

Խառնաշփոթ վերջնամասում

Բայց ամենատարօրինակը տեղի ունեցավ խաղավերջում։ Նախ՝ ուղիղ կարմիր քարտ ստացավ Մաստանտուոնոն՝ մրցավար Մունյիս Ռուիսին ուղղված ինչ-որ ժեստի համար։ Վինիսիուսը նույնպես միացավ վեճին և դեղին քարտ ստացավ բողոքների համար։ Մինչ այդ դեղին էր ստացել նաև Կարերասը, ինչը նույնպես նշանակում է որակազրկում հաջորդ խաղի համար։ Այսպիսով, Արբելոան հույս ունի վերականգնել Ասենսիոյին, ով պարանոցի մկանային խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ Միլիտաոն նույնպես բացակայում է։

Այս նոր պարտությամբ «Մադրիդի» հնարավորությունները Լա Լիգայում վտանգված են, քանի որ «Բարսան» միավորներ չի կորցնում։ Մայիսի 10-ին «Կամպ Նոուում» կայանալիք Կլասիկոն կարող է այլևս ոչինչ չփոխել, եթե մադրիդցիները չկարողանան արձագանքել և պահել մրցակցի տեմպը։ 4 միավորի տարբերությունը անհաղթահարելի չէ, բայց թիմի ներկայիս վիճակը հուսադրող չէ։

Այս պարտությունը տեղի է ունենում հենց «Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նախաշեմին։ Արբելոայի թիմը կրկին կասկածների մեջ է։ Եվ այս ամենը՝ առանց Մբապեի, ով բաց է թողել վերջին երկու խաղը և դժվար թե հասցնի վերականգնվել Չեմպիոնների լիգայի համար։

«Մադրիդում ոչ ոք երբեք չի հանձնվում»,- ասել է Արբելոան՝ փորձելով լավատեսություն ներշնչել, ինչին «Բերնաբեուն» գնալով ավելի դժվարությամբ է հավատում։


Ամենակարդացված