Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը և ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել են հաղթական խաղը։
Լունին
«Առաջին խաղակեսում մենք ավելի շատ էինք վերահսկում խաղի ընթացքը։ Ցավալին այն է, որ «Ռայո Վալեկանոն» գոլ խփեց ընդմիջումից րոպեներ առաջ՝ նրանց մի փոքր բախտը ժպտաց։ Իսկ երկրորդ խաղակեսում հանդիպումը մեզ համար բարդացավ․ մրցակիցն սկսեց շատ ավելի ինտենսիվ խաղալ։
Մենք խաղում ենք երեք օրը մեկ, և բոլոր հանդիպումները շատ բարդ են, քանի որ պայքարում ենք բոլոր մրցաշարերում։ Այսօր փոխարինման դուրս եկած տղաները շատ օգնեցին թիմին։ Մենք վաստակեցինք շատ կարևոր 3 միավոր, իսկ հիմա մեզ սպասվում է չափազանց կարևոր հանդիպում «Ատլետիկոյի» դեմ (մարտի 13, Երևանի ժամանակով՝ 00:00)։
Մենք գիտենք՝ ինչ պատասխանատվություն է դրված մեզ վրա «ներքնակների» դեմ խաղում, որովհետև Չեմպիոնների լիգան «Ռեալի» մրցաշարն է։ Դա կլինի շատ դժվար հանդիպում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի լավագույնս պատրաստվենք ու խաղում տանք մեր 100 տոկոսը»։
Ֆեդե Վալվերդե
«200 խաղ Լա Լիգայում «Ռեալի» կազմու՞մ։ Ինձ համար սա հսկայական պատիվ ու հպարտություն է՝ հանդես գալ աշխարհի լավագույն ակումբում։ Ես երջանիկ եմ։
Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որոնք միշտ ինձ աջակցում են՝ թե՛ լավ, թե՛ դժվար պահերին, ինչպես նաև իմ ընտանիքին ու թիմակիցներին։ Մենք պետք է նույն ոգով շարունակենք։
«Ռայո Վալեկանոյի» դեմ խա՞ղը։ Ամենակարևորն այն էր, որ հաղթեցինք։ Խաղը մի փոքր ձանձրալի էր, բայց մեզ համար կարևոր է հաղթանակները շարունակել ու պատրաստվել «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղին։ Գիտենք, որ չորեքշաբթի մեզ այս պահի դրությամբ մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է սպասվում»։