Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» վերջին 15 տնային հանդիպումներում «Ռայո Վալեկանոյի» դեմ Լա Լիգայում ոչ մի անգամ չի պարտվել՝ 13 հաղթանակ և 2 ոչ-ոքի։
«Ռեալի» ֆուտբոլիստները այս մրցաշրջանում 15 գոլ են խփել մրցակիցներին՝ դրիբլինգով անցումներից հետո։ Վինիսիուսը այս ցուցանիշով առաջատարն է թիմում՝ 4 գոլով։
«Ռեալի» Լա Լիգայում խփած վերջին 43 գոլերը հեղինակել են միայն լեգեոնականներ՝ սա ակումբի պատմության ամենաերկար նմանատիպ շարքն է։
Մբապեն դարձավ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը պատմության մեջ, որը կարողացել է նոր ակումբում՝ թոփ-4 լիգաներից մեկում, իր մեկնարկային մրցաշրջանում խփել 29 գոլ։
Վինիսիուսը Պրիմերայում 10 և ավելի գոլ է խփում արդեն 4-րդ մրցաշրջանն անընդմեջ։
Մոդրիչը անցկացրեց իր 577-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում։ Հանդիպումների քանակով խորվաթը զբաղեցնում է ակումբի պատմության 9-րդ տեղը՝ Կամաչոյի հետ միասին։
Վալվերդեն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում Լա Լիգայում։
Լուկաս Վասկեսն անցկացրեց իր 300-րդ հանդիպումը Պրիմերայում։
«Ռեալ Մադրիդը» «Ռայո Վալեկանոյի» դարպասին կատարեց ընդամենը 10 հարված, մինչդեռ «մեղուները»՝ 20 հարված «սերուցքայինների» դարպասին։
Բացառությամբ «Բարսելոնայի» դեմ խաղերի, սա Լա Լիգայի տնային հանդիպումներում ամենամեծ հարվածների տարբերությունն է «Ռեալի» և իր մրցակցի միջև՝ սկսած 2008-ի հունվարից։ Այդ ժամանակ էլ տարբերությունը եղել էր -10՝ «Սարագոսայի» դեմ։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ռեալ Մադրիդը» 46 խաղում ընդունել է 51 գոլ։ Լա Լիգայի թիմերից միայն «Վալյադոլիդը» (68) և «Ժիրոնան» (52) են ավելի շատ գոլ բաց թողել։ «Վալենսիան» նույնպես բաց է թողել 51 գոլ։