Հոդվածներ

«Նոր» «Կաստիլյայի» նպատակները
21.01.2025
517 0

MARCA–ի անդրադարձը

Նոր տարին և նոր կյանքը «Կաստիլյայի» համար

Առաջին անգամ այս մրցաշրջանում «սերուցքայինները» հաղթել են երկու անընդմեջ հանդիպում («Ալկոյանոյի» և «Բետիսի» դեմ) և առաջին անգամ հաղթանակ տարել արտագնա խաղում («Բետիսի» դեմ): Այս մրցաշրջանում «նոր» «Կաստիլյան» հասել է լավ առաջընթացի՝ վտանգավոր գոտուց դուրս գալու պայքարից վերածվելով դեպի բարձր դիվիզիոնում հայտնվելու պայքարի։ Ի՞նչ է տեղի ունեցել, որը բերել է Ռաուլի թիմում այսպիսի տպավորիչ փոփոխությունների։ Այս հարցի պատասխանները մի քանի հիմնական գործոններում են։

Գոնսալո – Վիկտոր Մունյոս զույգը

Ինչպես Վինիսիուսը և Մբապեն՝ Անչելոտիի համար, այնպես էլ Գոնսալոն և Վիկտոր Մունյոսը՝ Ռաուլի համար։ «Կաստիլյայի» երկու հարձակվողները հիասքանչ մարզավիճակում են և ցույց են տալիս իրենց բարձր խաղամակարդակը գոլային գրոհներում։ Նրանց ազդեցությունը հարձակման գծում զարմանալի է․ միասին խփել են 22 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Գոնսալոն ողջ մրցաշրջանում իր մարզավիճակի գագաթնակետին է՝ 15 գոլ, իսկ Վիկտոր Մունյոսը վերջին երկու խաղում խփել է 4 գոլ՝ ընդհանուր ունենալով 7 գոլ։ Նրանք շատ լավ են համագործակցում, և Ռաուլը նրանց մեջ տեսնում է հսկայական ներուժ ունեցող զույգ, ինչը զգալիորեն հեշտացնում է թիմի խնդիրը։

Մանուել Անխել և Չեմա

Չեմայի հայտնվելը և Մանուել Անխելի վերադարձը ամբողջությամբ փոխեցին «Կաստիլյայի» կիսապաշտպանության խաղաոճը։ Այժմ թիմը շատ ավելի ակտիվ և որակյալ է խաղում, երբ պետք է գնդակի վերահսկել և փոխանցումներ կատարել՝ Գոնսալոյին ու Վիկտոր Մունյոսին առաջ մղելու համար։ Չեման հաստատվել է որպես հենակետային կիսապաշտպան, և անգամ Անչելոտին է հետաքրքրված նրանով։ Մանուել Անխելի՝ վնասվածքից վերադարձը դարձավ թիմին պակասող հիմնական տարրը։ Ռաուլն ասում է. «Նա դարձել է այլ խաղացող»: Եվ իսկապես, «Կաստիլյան» լրիվ այլ է, երբ Անխելը ղեկավարում է կիսապաշտպանությունում։

Խակոբո Ռամոնի ազդեցությունը

Ասենսիոյի բացակայության պայմաններում պաշտպանության նոր «ղեկավարի» ներկայությունը կենսական անհրաժեշտություն էր՝ պաշտպանությունն ամուր դարձնելու և գնդակը խորը գծից ավելի որակյալ խաղարկելու համար։ Խակոբո Ռամոնը հենց դա բերեց «Կաստիլյային» իր վերադարձից հետո։ Նրան, ինչպես նաև Մանուել Անխելին, Ռաուլը գրեթե չէր օգտագործել վնասվածքների պատճառով։ 

Ֆորտունիի հաջող վերադարձը

Պոլ Ֆորտունին նորից փայլում է, ինչը շատ լավ նորություն է Ռաուլի համար։ Նրա համար դժվար էր վերադառնալ խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել էր 2022/23 մրցաշրջանի վերջին հատվածում։ Վերականգնման այս բարդ գործընթացից հետո երիտասարդ տաղանդը նորից առաջընթաց է գրանցում։ Վերջին երկու խաղերում Ֆորտունին կատարել է երեք գոլային փոխանցում, որոնցից երկուսը իսկական կախարդանք էին։ Մրցաշրջանի սկզբում նա «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում էր, բայց վնասվածքները նրա համար բացեցին «Կաստիլյայի» դռները։ Ֆորտունին արդեն Ռաուլի հիմնական ֆուտբոլիստն է, և դարձել է Գոնսալոյի ու Վիկտոր Մունյոսի հարձակման գծի լավագույն գործընկերը։

Երկու հուսալի պաշտպան

Դավիդ Խիմենեսը (աջ պաշտպան) և Յուսին (ձախ պաշտպան) հիանալի են խաղում Ռաուլի գլխավորությամբ։ Նրանց ֆիզիկական ուժն ու որակը թույլ են տալիս թիմին արդյունավետ խաղալ թե՛ չորս պաշտպանով, թե՛ հինգ պաշտպանով պաշտպանական սխեմաներում։ Դավիդ Խիմենեսի հաշվին գրանցվել է մեկ գոլ և երեք գոլային փոխանցում, իսկ Յուսին ունի մեկ գոլ և մեկ փոխանցում, ինչպես նաև նա վաստակել է 11-մետրանոց «Բետիսի» դեմ խաղում։

«Տրեբլի սերունդը»

Պինեյրոն, Դավիդ Խիմենեսը, Խակոբո Ռամոնը, Յուսին, Մանուել Անխելը, Չեման, Գոնսալոն և Պոլ Ֆորտունին մասնակցել են վերջին երկու հաղթական խաղերին։ Այս ութ ֆուտբոլիստները «Խուվենիլ Ա» թիմի կազմում 2022/23 մրցաշրջանում հաղթել են երեք ազգային տիտղոս՝ Լա Լիգա, Արքայական գավաթ և Չեմպիոնների լիգա։ Այժմ այս «տրեբլի սերունդը» օգնության է հասնում «Կաստիլյային», և Ռաուլը սկսում է նրանց շուրջ հավաքել թիմի հիմնական կազմը։

Վնասվածքների խնդիրները

Մրցաշրջանի սկզբից «Կաստիլյան» մեծապես տուժել է վնասվածքներից։ 9 խաղի ընթացքում թիմից բացակայել է 10 և ավելի ֆուտբոլիդտ, ինչը ցույց է տալիս խնդրի ծավալը։ 

Ընդհանուր առմամբ, «Կաստիլյան» անցել է փոփոխությունների միջով, և այս թիմն այժմ զգալի ներուժ ունի՝ տպավորիչ արդյունքների հասնելու համար։


Ամենակարդացված