AS–ի անդրադարձը
Շրջադարձային պահ Լա Լիգայում. «Ռեալ Մադրիդը» առաջին անգամ այս մրցաշրջանում գլխավորեց մրցաշարային աղյուսակը, եթե չհաշվենք հունվարյան այն շաբաթը, երբ Անչելոտիի թիմը առաջին տեղում էր, սակայն մեկ խաղ ավելի էր անցկացրել «Ատլետիկոյից»։
«Ռեալին» հաջողվեց դառնալ առաջատար և հաղթահարել 13 միավորի բացն ընդամենը 8 խաղում։ Նոյեմբերի 9-10-ի հանգստյան օրերից սկսած՝ մրցաշարային աղյուսակը կտրուկ փոխվեց։
13-րդ տուրից առաջ «Բարսելոնան» 6 միավորով առաջ էր «Ռեալից» և 10 միավորով՝ «Ատլետիկոյից»։ Սակայն «Անոետա» մարզադաշտում Ֆլիկի թիմը կրած պարտությունից հետո չկարողացավ վերականգնվել, մինչդեռ մայրաքաղաքի թիմերը շարունակեցին առաջ շարժվել։ Վերջին 8 տուրում «կապտանռնագույնները» վաստակել են ընդամենը 6 միավոր՝ ունենալով միայն մեկ հաղթանակ «Մալյորկայի» դեմ, երեք ոչ-ոքի և չորս պարտություն, որը նրանց զրկեց Լա Լիգայի առաջատարի դիրքից։
Կատալոնացիների անհաջողությունների շարքը օգտակար դարձավ մայրաքաղաքային ակումբների համար։ Վերջին 8 տուրում Անչելոտիի թիմը վաստակել է 19 միավոր, նույնքան վաստակել է նաև Սիմեոնեի թիմը։ Այժմ «Ռեալը» 7 միավորով առաջ է «Բարսայից», իսկ «հնդկացիներից»՝ 5։ «Բարսելոնան» ունի նույնքան միավոր, որքան «Ատլետիկը», մինչդեռ 8 տուր առաջ Ֆլիկի թիմը 14 միավորի առավելություն ուներ նրանց նկատմամբ։
Եթե հիմք ընդունենք միայն այդ 8 տուրերի արդյունքները, որոնց ընթացքում թիմերի դիրքերը փոխվեցին, ապա «Բարսելոնան» դուրս կմնար լիգայից։ Նրանք երկրորդ ամենաքիչ միավոր վաստակած թիմն են (6, ինչպես «Բետիսը»), իսկ ավելի վատ արդյունք ունի միայն «Օսասունան»՝ ընդամենը 5 միավոր։
Իսպանիայի չեմպիոնի անունը հայտնի կդառնա 18 խաղից, և ինչպես ցույց է տալիս այս մրցաշրջանը, որևէ կանխատեսում անելy վաղ է, քանի որ ընդամենը երկու ամսվա ընթացքում մրցաշարային աղյուսակը կարող է ամբողջովին փոխվել։