Հոդվածներ

Անչելոտի․ «Նա հիանալի հանդիպում անցկացրեց»
07.01.2025
1278 0

 Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դեպորտիվա Միներայի» նկատմամբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

Մթնոլորտը մարզադաշտում

«Հրաշալի հանդիպում էր, քանի որ մարզադաշտում մթնոլորտը հիասքանչ էր։ Մեր ֆուտբոլիստները խաղից հետո մնացին խաղադաշտում՝ երկրպագուների համար մարզաշապիկներ ստորագրելու նպատակով»։

 Երիտասարդ ֆուտբոլիստների մասին

«Ես խնդրեցի ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստներին այսօրվա խաղում ցուցադրել իրենց վարպետությունը։ Նրանք բարձր մակարդակի խաղացողներ են, և հիմնական թիմում խաղալը լավ փորձ է նրանց համար։ Նրանք երիտասարդ են և ունեն հիանալի հմտություններ, ուստի մենք միշտ ուշադիր հետևում ենք նրանց»։

 Էնդրիկի մասին

«Էնդրիկը շատ լավ խաղ անցկացրեց, չնայած որ գոլ չխփեց։ Նա հիանալի շարժվում էր մրցակցի տուգանային հրապարակում և լավ հանդես եկավ նույնիսկ աջ եզրում հարձակման ժամանակ։ Նա պետք է համբերատար լինի։ Էնդրիկը կսկսի գոլեր խփել, երբ ժամանակը գա»։

Վալվերդեի մասին

«Վալվերդեն հիանալի հանդես եկավ առաջին կեսում, ուստի կարծում եմ՝ այս խաղի փորձը նրան միայն օգուտ տվեց»։

Մոդրիչի մասին

«Մոդրիչը ֆուտբոլի համար իսկական պարգև է և հատկապես նրանց համար, ովքեր կարող են վայելել նրա խաղը մոտիկից՝ լինի դա մարզադաշտում երկրպագուների կողմից, թիմակիցները, թե մարզիչը։ Ինձ համար Լուկան հիասքանչ պարգև է, քանի որ նույնիսկ նման խաղերին նա պատրաստվում է որպես եզրափակիչի։ Մոդրիչը շատ կարևոր օրինակ է երիտասարդների համար»։

Վալյեխոյի ապագայի մասին

«Կհեռանա՞ արդյոք Վալյեխոն «Ռեալից» հունվարին։ Նա անձամբ կկայացնի այդ որոշումը։ Խեսուսն այսօր չէր կարող մասնակցել հանդիպմանը՝ թեթև անհարմարության պատճառով, ուստի ավելի լավ էր ռիսկի չդիմել»։

Վինիսիուսի մասին

«Վինիսիուսին ոչ ոքի կարեկցանքը պետք չէ։ Նա մեզ օգնեց հաղթել 2 Չեմպիոնների լիգա։ «Ռեալում» բոլորը նրան աջակցում և սիրում են, և հենց դրա շնորհիվ է, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»։


Ամենակարդացված