Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլյայի» նկատմամբ տոնած՝ նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «Սանչես-Պիսխուան» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հաղթանակի մասին.
«Այս 3 միավորը շատ կարևոր է մեզ համար, սակայն առավել կարևոր է մեր ցուցադրած խաղը: Սա արժանի հաղթանակ է շատ լավ կազմակերպված թիմի դեմ, որը, ինչպես գիտենք, պատրաստ է մի շարք տհաճություններ պատճառել այս մարզադաշտում: Երկրորդ խաղակեսը բարդ ստացվեց, սակայն տղաները կարողացան դիմանալ ճնշմանը»:
Թիմի վստահության մասին.
«Դժվար ժամանակներ ենք ապրում, ու այս հաղթանակը վստահություն կտա ապագայի համար: Թիմը բնավորություն ունի, և սիրում է լուծել բարդ առաջադրանքներ»:
Պաշտպանության մասին.
«Պաշտպանությունը սոլիդ տեսք ուներ և աշխատում էր «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով: Մենք պաշտպանվում էինք մեկ բռունցքի պես. ոչ միայն Նաչոն ու Ռաֆան, այլև մյուս տղաները հիանալի գործեցին: Հույս ունեմ՝ կշարունակենք նույն ոգով»:
Գոլերի սակավության մասին.
«Վստահության հետ միասին գոլերն էլ կգան: Պետք է շարունակենք նույն ոգով ու չշեղվենք ճանապարհից: Հիանալի անցկացրինք հանդիպումը առաջին րոպեից մինչև վերջինը: Սա բարդ խաղ էր, որտեղ նույնիսկ մեկ գոլը բավարար էր հաղթանակի համար»:
Մարդիկ անարդա՞ր էին վերջին օրերին.
«Այո, այդպես էլ կա: Սակայն, կարծում եմ, շատ բան չի փոխվի: Լավ գիտենք, որ, եթե պարտվում ենք կամ վատ ենք խաղում, քննադատության տարափ կլինի: Այնուամենայնիվ, երջանիկ ենք ու մտադիր ենք շարունակել զարգանալ»:
Fanat, Realmadrid.am