Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մալյորկային»։
Հենց հանդիպման մեկնարկային րոպեներից «Սերուցքայինները» վերահսկում էին խաղի ընթացքն ու փորձում ճեղքեր գտնել «Մալյորկայի» բավական խիտ պաշտպանությունում։
Հյուրերը իրենց հերթին փորձում էին իրենց շանսը գտնել հակագրոհների և ստանդարտների միջոցով։
Հենց տուգանային հարվածն էլ օգնեց «Մալյորկային» բացել հանդիպման հաշիվը։ 35-րդ րոպեին Լի Կան Ինի փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Մուրիքին։
Ամեն դեպքում «Ռեալին» հաջողվեց մինչ ընդմիջումը հաշվի մեջ հավասարություն մտցնել։
Մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն փյլուն անցում ձեռնարկեց ու ֆանտաստիկ հարվածով կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Երկրորդ կեսում «Արքայական» ակումբը ամբողջովին իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և ի վերջո հանդիպման 72-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։
Այս անգամ Ռոդրիգոյի հիանալի անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը։
Հանդիպման մնացած հատվածում «Ռեալը» մեծ ջանքեր չգործադրեց ու հիմնականում շեշտը դրել էր հաղթական հաշիվը պահպանելու վրա։
Սակայն այնուամենայնիվ «Արքայական» ակումբին հաջողվում է նաև խփել երրորդ գոլը։ Ռոդրիգոն հերթական հիանալի անցումը ձեռնարկեց և այս անգամ որոշեց անձամբ եզրափակել այն։
Իսկ հանդիպման վերջակետը մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին դրեց Անտոնիո Ռյուդիգերը։ Այս անգամ աշխատեց գերմանական դուետը։
Արդյունքում «Ռեալը» հերթական հաղթանակը տոնեց և շարունակում է միանձնյա գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ռեալ Մադրիդ» 4-1 «Մալյորկա»
Գոլերը՝ Մուրիքի (35), Վալվերդե (45+3), Վինիսիուս (72), Ռոդրիգո (89), Ռյուդիգեր (90+3):
Los Merengues, Realmadrid.am