Էդեր Միլիտաոյի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» շատերի համար չստացված էր թվում։ Իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ նա քիչ էր մնում կորցներ գիտակցությունը։ «Ռեալում» իր կարիերայի մեկնարկում Միլիտաոն հայտնվեց վերջին տարիների կենտրոնական պաշտպանների լավագույն զույգերից մեկի՝ Վարան-Ռամոս զույգի ստվերում։
Բրազիլացին իր շանսը ստացավ մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Սերխիո Ռամոսը վնասվածք ստացավ։ Շատերին թվում էր, թե 2021-22 մրցաշրջանում ևս Միլիտաոն լինելու պահեստային ֆուտբոլիստ, սակայն շատ բան փոխվեց Կարլո Անչելոտիի նշանակմամբ։ Բացի այդ թիմից հեռացան նաև Ռամոսը և Վարանը։ Ներկա պահին Միլիտաոն շատ որակյալ զույգ է կազմել Դավիդ Ալաբայի հետ։
Էդերը գնդակ խլելու, գնդակ հեռացնելու ցուցանիշներով ընթացիկ մրցաշրջանում զիջում է միայն Կազեմիրոյին։ Նա նաև առաջատարն է օդային պայքարում հաղթելու ցուցանիշով։ Բացի այդ նրա նկատմամբ նաև շատ են խախտել խաղի կանոնները։ Այդ ցուցանիշով Միլիտաոն զիջում է միայն Վինիսիուսին։ Շատ կարճ ժամանակահատվածում Միլիտաոն երիտասարդ, անփորձ ֆուտբոլիստից վերածվեց թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին։
Բրազիլացին բավական շատ է գնդակ խլել այն դիրքերում, որտեղ թիմը հնարավորություն է ունեցել արագ հակագրոհ կազմակերպել։
Ժամանակին դիրքային առումով թիմի պաշտպանությունում մեծ դեր էր խաղում Ռաֆայել Վարանը, իսկ Սերխիո Ռամոսը վիրաբուժական ճշգրտությամբ շատ ժամանակ անչափ բարդ գնդակներ էր խլում։ Կարծես թե Միլիտաոն հասցրել է ժառանգել այդ ամենը։
Չնայած այն բանին, որ երկար փոխանցումներկ առումով նա փոքր ինչ զիջում է իր խաղընկեր Դավիդ Ալաբային, այնուամենայնիվ այս ցուցանիշով ևս բրազիլացին բավական արդյունավետ է։
Վարան-Ռամոս զույգը հասել էր այն մակարդակին, որ նրանցից հետո բարդ էր լինելու կենտրոնական պաշտպանների համար նման որակ ապահովել։ Մրցաշրջանի մեկնարկում Միլիտաոն գտնվում էր փոքր ինչ նյարդային փուլում, սակայն կարծես թե այդ ամենը արդեն մնացել է անցյալում և բրազիլացի պաշտպանը օրեցօր շարունակում է աճ գրանցել ու ավելի վստահ խաղալ։ Վիճակագրության և տեխնիկայի տեսանկյունից Միլիտաոն լավագույնն էր 2021 թվականին։ Նրան փայլում 2022 է սպասվում։
Los Merengues, Realmadrid.am