Կարիմ Բենզեման նախորդ մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր զենքն էր հարձակման գծում։ Այս մրցաշրջանում ևս ֆրանսիացին պատրաստվում է իր հետևից տանել թիմին։ «Սերուցքայինները» այս մրցաշրջանում արդեն 8 գոլ են խփել և այդ գոլերից 5-ում Բենզեման ունեցել է իր մասնակցությունը։ Ֆրանսիացին դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին երեք տարիների ընթացքում սա Լա Լիգայում լավագույն մեկնարկն է։
Եթե «Ռեալը» իր կազմում չունենար Բենզեմային, ապա ներկա պահին կունենար երեք միավոր ավելի քիչ։ «Բետիսի» դեմ խաղում հենց նրա կատարած գոլային փոխանցման շնորհիվ «Սերուցքայիննները» կարողացան կարևոր երեք միավոր վաստակել։
Բացի այդ «Բետիսի» դեմ խաղը մեկ այլ՝ կարևոր նշանակություն ուներ Բենզեմայի համար։ Նա դարձավ «Ռեալի» պատմության 9-րդ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Այս մրցաշրջանում Կարիմը կարող է շրջանցել ևս երեք ֆուտբոլիստների և անցկացրած խաղերի քանակով դուրս գալ 6-րդ հորիզոնական։ Բենզեման երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչ 2023 թվականը, ինչը նշանակում է, որ գալիք մրցաշրջանում նա կարող է պայքարել նաև 4-րդ հորիզոնականի համար։
Այս մրցաշրջանում Բենզեման ունի ևս մեկ գերնպատակ՝ ստանալ Պիչիչիի մրցանակը։ Երկար ժամանակ այդ մրցանակը միմյանց միջև խաղարկում էին Մեսին և Ռոնալդուն։ 2016-ին այն բաժին հասավ Սուարեսին։ Ռոնալդուի հեռանալուց հետո Բենզեման այս մրցանակի համար մղվող պայքարում զիջում էր միայն Մեսիին, սակայն այժմ արգենտինացին այլևս չի կարող խանգարել Բենզեմային։
Los Merengues, Realmadrid.am