Ժամանակին Լուկա Յովիչի տրանսֆերը հաջողված էր համարվում, քանի որ «Ռեալը» նրա տրանսֆերի համար պայքարում կարողացավ առաջ անցնել «Բարսելոնայից», «Չելսիից» և «Բավարիայից»։
Բոլոր թոփ ակումբները ցանկանում էին սերբ ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնել։ Յովիչը 2018/19 մրցաշրջանում 27 գոլի հեղինակ էր դարձել «Այնտրախտի» կազմում, ինչը ստիպեց «Ռեալին» 65 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի համար։
Մեկ տարի անց Յովիչը «Ռեալի» կազմում ընդամենը երկու գոլի հեղինակ է դարձել և նա այդպես էլ չկարողացավ ադապտացվել թիմին։ Այժմ «Սերուցքայինները» պատրաստ են առաջարկներ լսել նրա տրանսֆերի համար։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը այս երկու տարիների ընթացքում կտրուկ նվազել է՝ 60 մլն եվրոյից հասնելով 20-ի, սակայն ակումբում շարունակում են հավատալ, որ նրա տրանսֆերի արդյունքում կարող են լավ գումար վաստակել։
Անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ և ակումբից ևս մեկ հնարավորություն է խնդրել։ Նա շատ լավ հասկանում է, որ չի կարողացել իրեն լավագույնս դրսևորել, սակայն մյուս կողմից ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ նրան շատ քիչ է խաղալու հնարավորություն տրվել։ Յովիչը մասնակցել է ընդամենը 32 հանդիպման և այդ խաղերում խաղադաշտում անցկացրել է միջինում 30 րոպեից քիչ ժամանակ։ Սերբ ֆուտբոլիստի կարծիքով Զիդանը իրեն խաղալու հնարավորություն չի տվել, և որ Կարլո Անչելոտիի օրոք ամեն բան կարող է այլ լինել։ Նա ցանկանում է ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ և հնարավորություն ունենալ իրեն դրսևորելու։
Ներկա պահին «Ռեալում» 27 ֆուտբոլիստներ կան, ինչը նշանակում է, որ ակումբը ստիպված է լինելու բաց թողնել ևս երկու-երեք ֆուտբոլիստների, եթե նրանց հաջողվի ձեռք բերել Մբապեին։ Անկասկած թիմից հեռանալու է Տակե Կուբոն, իսկ երկրորդ ֆուտբոլիստը կարող է լինել Վալյեխոն, Սեբալյոսը կամ Իսկոն։ Բացի այդ չպետք է բացառել նաև Էդեգորին։
Los Merengues, Realmadrid.am