Հոդվածներ

«Մադրիդը» խեղդվեց ափին
25.04.2026
106 0

Ալֆրեդո Ռելանյոյի հոդվածը

Խաղն արդեն մոտենում էր ավարտին, երբ Բելերինը խփեց պատասխան գոլը, որն ավելի քան արդարացի էր «Բետիսի» համար: Նրանք այնքան շատ հարվածեցին դարպասին, որ Լունինին դարձրին «Մադրիդի» լավագույն խաղացողը: Սակայն գոլը եղավ սկանդալով. դրան նախորդել էր Անտոնիի և Մենդիի միջև պայքարը, որտեղ բրազիլացին ուժեղ քաշեց ֆրանսիացու թևից, ու վերջինս բավականին դրամատիկ ընկավ գետնին: Իմ կարծիքով՝ դա խախտում էր, բայց մրցավարները վաղուց արդեն նման դրվագներին մատների արանքով են նայում: Մրցավար Սոտո Գրադոն խախտում չտեսավ, իսկ Բելերինի հարվածը «Բետիսին» մեկ միավոր բերեց, իսկ «Մադրիդից» խլեց երկուսը: Սա ջնջում է ցանկացած հաշվարկ, նույնիսկ եթե «Բարսան» այսօր պարտվի «Խետաֆեին»:

Ակնհայտ է, որ «Մադրիդը» կօգտագործի մրցավարական այս թեման՝ ինքն իրեն և ուրիշներին բացատրելու այս նոր ձախողումը: Նրանք ունեն այդ իրավունքը, բայց իրականությունն այն է, որ թիմը ավելիին արժանի չէր: Եթե «Մադրիդը» երկար ժամանակ առաջ էր հաշվի մեջ, ապա դա միայն մրցակցի դարպասապահ Ալվարո Վալյեսի սխալի պատճառով էր, իսկ գոլից հետո թիմն ուղղակի սկսեց «ննջել»:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսային» հասնելն արդեն անհնար է: Թիմի մտքերը մրցավարական բողոքների մեջ են, որոնք Արբելոան արդեն ներկայացրել է մամուլին իրեն բնորոշ չափազանցություններով, և Աշխարհի առաջնության հաշվարկների մեջ: Բելինգեմին ու Տրենտին խաղային պրակտիկա է պետք, Մբապեն փոխարինվեց հենց մի փոքր ցավ զգաց (ինչպես Միլիտաոն ու Գյուլերը նախորդ օրը), իսկ Կարվախալը տառապում է պահեստայինների նստարանին, քանի որ Աշխարհի առաջնության «գնացքը» հեռանում է նրանից: «Մադրիդն» այլևս Լա լիգայում չէ, եթե չհաշվենք նրանց մշտական մրցավարական դժգոհությունները:


Ամենակարդացված