Հոդվածներ

Արբելոա․ «Ռեալից» խլեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը»
20.04.2026
195 0

Լա լիգայի 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալավեսի» հետ (21.04.2026, 23:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ռեալ Մադրիդն» այն ակումբն է, որտեղ սովորաբար ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է: Լինում են պահեր, երբ գործերը չեն դասավորվում այնպես, ինչպես կցանկանայինք, բայց այս ակումբի մտածելակերպը միշտ ուղղված է դեպի ապագան: «Մադրիդում» գիտեն, որ պարտությունն անընդունելի է, քանի որ պահանջներն ու ապագայի ծրագրերը միայն հաղթանակներն են: Մենք պետք է հաղթենք մնացած 7 խաղերում»:

«Իմ ապագա՞ն: Այդ որոշումը ես չեմ կայացնում: Ես ընդհանրապես չեմ անհանգստանում իմ ապագայի համար: Ես անհանգստանում եմ մրցաշրջանի մնացած խաղերի, հատկապես վաղվա խաղի համար: Ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի ակումբը: Ես ամեն շաբաթ ուղիղ կապի մեջ եմ ղեկավարության հետ, և մենք հիանալի հարաբերություններ ունենք: Մնացած 7 խաղերը շատ ավելի կարևոր են, քան կարող են թվալ առաջին հայացքից»:

«Ես միշտ արել եմ այն, ինչը համարել եմ ճիշտ, և երբեք ինձ չեմ դասել ակումբից կամ խաղացողներից վեր: Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել ակումբին աջակցության և վստահության համար: Այն ամենը, ինչ ասել եմ, եղել է ի սրտե»:

«Ռեալը» վերջին 20 տարում հաղթել է Պրիմերան միայն 7 անգա՞մ: Բացատրություններ կարելի է գտնել: Մեր արդյունքները Լա լիգայում վերջին տարիներին կարող էին ավելի լավը լինել: Բայց մենք նաև անցել ենք իրավիճակների միջով, ինչպես օրինակ «Ժիրոնայի» դեմ խաղում (որտեղ Մբապեի նկատմամբ ակնհայտ 11-մետրանոց չնշանակվեց): Դրա պատճառով «Մադրիդի» համար ավելի հեշտ է հաղթել Չեմպիոնների լիգան, քան Լա լիգան»:

«Նոր առաջնորդնե՞րը՝ Մոդրիչի, Կրոսի և Նաչոյի հեռանալուց հետո: Մենք ունենք առաջնորդներ: Մեր թիմը զգալիորեն ավելի երիտասարդ է: Ունենք խաղացողներ, որոնցից հիմա շատ բան են պահանջում, բայց դեռ վաղ է: Կան առաջնորդներ՝ Կարվախալը, Ալաբան, Միլիտաոն, Վալվերդեն, Բելինգեմը, Մբապեն, Վինիսիուսը, բայց կան նաև շատ երիտասարդներ, իսկ սա այն ակումբն է, որտեղ հեշտ չէ հարմարվել»:

«Տրամադրությունը «Բավարիայից» կրած պարտությունից հետո՞: Լավ, շատ լավ: Ես, ինչպես և երկրպագուները, հպարտ էի «Մադրիդով»՝ «Ալյանց Արենայում» ցուցադրած խաղի համար: Փողոցներում կա այն զգացողությունը, որ մեզնից խլել են կիսաեզրափակչի ուղեգիրը: Դա զգում եմ նաև ես»:

«Երկրպագուները դժգո՞հ են Մբապեից: Ես չեմ կարող դժգոհ լինել նրանից: «Բավարիայի» դեմ նա հիանալի խաղաց և հաճախ էր օգնում պաշտպանությանը: Նա մշտական վտանգ էր «Բավարիայի» համար, և սա այն Մբապեն է, որին մենք բոլորս ուզում ենք տեսնել»:

«Կամավինգա՞: Նրա համար ցավալի է, ինչպես բոլորիս: Բայց դա ակնհայտ կոպիտ մրցավարական սխալ էր: Մրցավարը չէր հիշում, որ Կամավինգան արդեն ուներ դեղին քարտ: Կամավինգան տառապում է, որովհետև հասկանում է Չեմպիոնների լիգայի կարևորությունը, բայց նա ունի իմ և ակումբի վստահությունը»:

«Գյուլե՞ր: Մենք նրա հետ հիանալի հարաբերություններ ունենք: Ասում էին, թե նա չի կարողանում դրսևորվել կարևոր խաղերում, բայց հիշե՛ք նրա խաղը «Սիթիի» և «Բավարիայի» դեմ: Նա քաղում է դասեր իր սխալներից: Սա ոչ միայն մեծ ապագայի խաղացող է, այլև արդեն ներկայի»:

«Արդյոք ինձ վրա ազդեց այն, որ թիմը գլխավորեցի մրցաշրջանի կեսի՞ց: Պարզ է, որ սա բոլորովին այլ աշխատանք է, հատկապես այսքան վնասվածքների պարագայում: Բայց մենք ունենք հիանալի կազմ: Չեմ կարծում, որ «Մադրիդին» լիակատար վերակառուցում է պետք տիտղոսների համար պայքարելու համար: Մենք կվերադառնանք այդ պայքարին»:


Ամենակարդացված