Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Ժիրոնայի» հետ (10.04.2026, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Առաջիկա հանդիպումը «Ժիրոնայի» հե՞տ։ Մենք հաղթանակի համար պայքարելու ցանկություն ունենք մեր երկրպագուների աչքի առաջ։ Մենք գիտենք, որ պետք է գերազանց խաղ անցկացնենք և հաղթանակ տանենք։ Մենք իսկապես ուզում ենք դա անել»։
«Ինչպես վաղը «Բեռնաբեուի» երկրպագուները կդիմավորեն Վինիսիուսի՞ն (հաշվի առնելով «Բավարիայի» դեմ խաղում նրա հասցեին հնչած սուլոցները)։ Դուք բոլորդ գիտեք, թե ինչ եմ մտածում Վինիսիուսի մասին։ Ինձ բախտ է վիճակվել մարզել նման խաղացողի։ Պարզապես նայեք, թե ինչպես «Մադրիդի» մարզչի պաշտոնում իմ նշանակման պահից Վինիսիուսը սկսեց թիմն իր հետևից տանել։
Մեզ պետք է տեղի բոլոր երկրպագուների աջակցությունը։ «Բավարիայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսը մենք լավ անցկացրինք հենց դրա շնորհիվ։ Երկրպագուները մեզ միշտ պետք են։ Ֆուտբոլիստներին սուլելը մեր երկրպագուների պահանջկոտության մի մասն է։ Ոմանք կարող են դրանում լարված մթնոլորտ նկատել, բայց մենք ուշադրություն ենք դարձնում երկրպագուների աջակցությանը»։
«Մրցավարներն ավելի բարեհաճ են «Բարսելոնայի» նկատմամբ Լա լիգայում, քան Չեմպիոնների լիգայո՞ւմ։ Դե ինչ, պատահում է։ Սխալներ բոլորի մոտ էլ լինում են։ Ամեն դեպքում, ես ունեմ իմ կարծիքը, որը չի փոխվի։
Ես չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ։ Մենք արդեն տեսանք, թե ինչ տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին Պրիմերայում «Բարսելոնայի» խաղում, և թե ընդհանուր առմամբ ինչ է կատարվում շատ շաբաթների ընթացքում։ Իսպանական մրցավարության ներկա մակարդա՞կը։ Այն կարող է առաջընթաց ապրել, օրինակ՝ դա վերաբերում է VAR համակարգին։ Բայց ես կենտրոնացած եմ միայն իմ աշխատանքի վրա»։
«Ռոտացիա՞։ Ես ուզում եմ հաղթանակ տանել «Ժիրոնայի» նկատմամբ։ Չնայած «Մալյորկայից» կրած պարտությանը, կարծում եմ՝ այդ հանդիպմանը ես դուրս բերեցի լավագույն մեկնարկային կազմը։ Ես չեմ մտածում ռոտացիայի մասին։ «Ժիրոնայի» դեմ խաղն այս պահին ամենակարևորն է ինձ համար։
Մենք անհամբերությամբ սպասում ենք «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը, բայց նախ պետք է կենտրոնանանք «Ժիրոնայի» դեմ խաղի վրա։ Մենք Մյունխենի խաղից առաջ վերականգնվելու համար 4 օր կունենանք, և մենք բոլորս ուզում ենք անել հնարավոր ամեն ինչ ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Դա մեր միակ նպատակն է»։
«Ես այն մարզիչը չեմ, ով կգլխավորի թիմը և կխոսի այն մասին, թե ինչ է ուզում տեսնել խաղացողներից, իսկ ինչ՝ ոչ։ Բայց ես բացարձակապես ազնիվ եմ, երբ հայտարարում եմ, որ մենք ցանկանում ենք ֆուտբոլիստներից տեսնել լավագույն վերաբերմունքը գործին, նվիրվածություն և ջանքեր դաշտում։
Ակնհայտ է, որ մենք պետք է բարելավենք որոշ գործոններ, քանի որ միայն տաղանդը միշտ չէ, որ բավարար է։ Ինձ համար դժվա՞ր կլինի մոտիվացնել խաղացողներին «Ժիրոնայի» հետ հանդիպման համար։ Նրանք այդ խաղին սպասում են ավելի շատ, քան ես։ Ես արդեն զրուցել եմ նրանց հետ։ Նրանք պատրաստ են և լի են հիանալի խաղ անցկացնելու ցանկությամբ»։
«Վաղը Միլիտաոն և Բելինգեմը դուրս կգան մեկնարկային կազմում։ Մենդին նույնպես խաղային պրակտիկա ստացավ գալիք հանդիպմանը։
Երբ Էդերը լավ մարզավիճակում է, անկասկած, նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է։ Նա շատ հզոր ֆուտբոլիստ է, լավ է «մեկը մեկի դեմ» պայքարում, հիանալի է դրսևորում իրեն օդային պայքարում, օգնում է թիմին գրոհների զարգացման հարցում...
Բացի այդ, նա օժտված է փառահեղ մենթալիտետով և բնավորությամբ։ Անկասկած, նա շատ կարևոր է մեզ համար։ Իմ կազմում Միլիտաո ունենալը արտոնություն է ինձ համար»։
«Կամավինգա՞։ Նա իմ ղեկավարությամբ շատ պրակտիկա է ստանում։ Նա սկսել է ավելի շատ խաղալ, քան մրցաշրջանի առաջին հատվածում։ Վաղը Էդուարդոն նույնպես դուրս կգա հիմնական կազմում։ Ես նրան համարում եմ կարևոր խաղացող ինչպես ինձ համար, այնպես էլ ընդհանուր ակումբի համար։
Կամավինգան արդեն շատ անգամներ ապացուցել է, թե ինչ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա վայելում է «Մադրիդի» բոլոր ներկայացուցիչների վստահությունը, այդ թվում՝ իմ։ Հետևաբար, նա կշարունակի լինել կարևոր խաղացող մեզ համար ապագայում։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ, որ նա շարունակի առաջընթաց ապրել և հասկանալ, թե ինչ ենք մենք պահանջում իրենից դաշտում»։
Հայերեն