«Բարեբախտաբար, հավաքականներ մեկնած բոլոր խաղացողները վերադարձել են առանց վնասվածքների: Դա մեր առաջին խնդիրն էր: Ֆուտբոլիստների մեծ մասի համար այս դադարը օգտակար էր, քանի որ նրանք խաղային պրակտիկա ստացան:
Ես կապի մեջ եմ եղել նրանցից մի քանիսի հետ: Օրինակ՝ շնորհավորել եմ Գյուլերին Թուրքիայի հավաքականի հետ Աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր նվաճելու առթիվ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում Մունդիալը նրա և իր երկրի համար: Շատ ուրախ եմ տեսնել Արդային երջանիկ»:
«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է «Մալյորկայի» դեմ խաղը, քանի որ նրանց միավորներ են պետք նույնքան, որքան մեզ: Մրցակցի դաշտում խաղալը երբեք հեշտ չէ, բայց մենք պատրաստ ենք: Լա լիգայում մեզ մնացել է 9 «եզրափակիչ», և վաղվա խաղն առաջինն է»:
«Միլիտաոն վերադարձել է շարք: Երբ նա լավ մարզավիճակում է, աշխարհի լավագույն պաշտպանն է: Ես շատ-շատ-շատ ուրախ եմ նրա վերադարձի համար»:
«Բելինգեմը մի քանի րոպե խաղաց դերբիում, բայց Տուխելը որոշեց նրան խաղաժամանակ չտալ հավաքականում՝ առողջությունը ռիսկի չենթարկելու համար: Ջուդը պատրաստ է մեզ օգնել վաղը: Մեզ պետք է, որ նա ձեռք բերի խաղային ռիթմ. մեր նպատակներից մեկը նրան լավագույն մարզավիճակին վերադարձնելն է»:
«Ռոտացիա՞: Վաղը ես պլանավորում եմ դաշտ դուրս բերել լավագույն կազմը հաղթանակի համար: Մենք 6 օրում 3 խաղ ունենք անցկացնելու, սխալվելու իրավունք չունենք»:
«Լուրերը, թե իբր սկզբում Մբապեի ոչ այն ծունկն են հետազոտել՝ սուտ են: Ժամանակն է հանգիստ թողնել Կիլիանի ծունկը և կենտրոնանալ նրա գոլերի վրա: Նա հիանալի հասկանում է, թե ինչ եմ պահանջում իրենից: Դա վերաբերում է նաև Վինիսիուսին. հարձակվողները պետք է ավելի քիչ պաշտպանվեն և ավելի շատ գրոհեն, քան պաշտպանները: Բայց մենք պետք է լինենք անձնվեր թիմ ամեն օր»:
«Այժմ մենք այն դիրքում ենք, որտեղ ցանկանում էինք լինել՝ պայքարում ենք Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի համար: Գարնանը այս թիմը միշտ ներդնում է իր 100%-ը: Մենք «Ռեալ Մադրիդն» ենք և պետք է դա ապացուցենք ամեն խաղում»:
«Բրահիմը բարդ իրավիճակում էր, բայց նա պայքարեց և ապացուցեց իր մակարդակը: Իմ տրամադրության տակ հիանալի կազմ կա, ինձ պետք կգա յուրաքանչյուրի օգնությունը»:
«Վինիսիուսը լավ վիճակում է, բայց հոգնած է (ծիծաղում է): Իմ ընկեր Կառլետոն (Անչելոտին) նրան շատ հանգիստ չի տվել վերջին երկու շաբաթվա ընթացքում: Բրազիլիայի հավաքականի պահանջները նման են «Մադրիդի» պահանջներին: Վինիին հանգիստ տալու հարցը կորոշենք մի փոքր ուշ»:
«Արդյո՞ք ես արժանի եմ շարունակել մարզել «Մադրիդը» հաջորդ մրցաշրջանում: Ինձ չի հետաքրքրում այդ թեման: Ես կլինեմ ակումբում այնքան, որքան կցանկանա ղեկավարությունը: Ես շատ երջանիկ եմ»:
Հայերեն