Հոդվածներ

Մունուերա-Արբելոա. բացատրություններն ավելորդ են
25.03.2026
82 0

Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ կարիք կար, որ Մունուերան գնար Արբելոային բացատրեր Վալվերդեի հեռացումը: Սա վերաբերում է ցանկացած մրցավարի ցանկացած խաղում, բայց այս մեկում՝ առավել ևս, հաշվի առնելով այն բոլոր ենթատեքստերն ու իմաստները, որոնք կարելի է քաղել այդ տեսարանից:

Վալվերդեն հարվածեց, ինչը Մունուերային (ով շատ մոտ էր կանգնած) թվաց դիտավորյալ և խաղից դուրս կոպտություն, իսկ Արբելոային՝ պարզապես գնդակի համար անհաջող պայքար և սովորական խախտում: Սրանք տարբեր տեսակետներ են: Եվ թեև այդ տեսարանով փորձ արվեց ֆուտբոլի «քաղաքակիրթ» պատկեր ստեղծել՝ շնորհիվ երկխոսության ընթացքում տիրող քաղաքավարի մթնոլորտի, ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արբելոան մտել էր դաշտի տարածք, որտեղ չպետք է լիներ: Նա ընդհատեց խաղը և առիթ տվեց չարախոսություններին այն մասին, թե ո՞ր մարզիչներն են արժանի դեղին քարտի, և որոնք՝ բացատրության, եթե դժգոհ են մրցավարի որոշումից:

Անձամբ ինձ դա թվաց անհարկի «կեցվածք ընդունել» (postureo): Դրա համար կա խաղից հետո հանդիպելու հնարավորություն՝ առանց հանրության և տեսախցիկների, ինչը տեղին կլիներ միայն այն դեպքում, եթե կանոնակարգի մեջ լիներ ինչ-որ բարդ ու խճճված կետ, որն արժեր պարզաբանել:

Բայց այստեղ հարցը պարզապես նրանում էր, թե մեկն ինչպես տեսավ դրվագը, իսկ մյուսը՝ ինչպես: Ինչպես ֆուտբոլային շատ ու շատ այլ դրվագներում, որոնք նույնիսկ բազմաթիվ կրկնապատկերներից հետո միանշանակ կարծիք չեն ձևավորում: Մենք դրանում համոզվեցինք երեկ՝ պարզապես զբոսնելով Մադրիդով և լսելով այս ու այլ գործողությունների մասին իրարամերժ, բայց հավասարապես անկեղծ տարբերակներ:

Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նոր ղեկավար Ֆրան Սոտոյի մեջ ես տեսնում եմ բարի, «ուսուցողական» մտադրություն, որը լցված է ինքնարդարացման տենչով, ինչը թուլության նշան է: Այստեղից էլ գալիս է կասկածելի դրվագների ամենշաբաթյա բացատրությունը. մի խոշորացույց, որից վրիպում են ամենավիճահարույց պահերը, իսկ երբ իրոք գործի են անցնում (ինչպես Ռյուդիգերի և Դիեգո Ռիկոյի դրվագում), դա միայն ավելացնում է տուժած կողմի հիասթափությունը:

Մրցավարությունը դժվար, գրեթե «սատանայական» արհեստ է: Այն ծնում է սխալներ, որոնք, երբ VAR-ը չի ուղղում (իսկ դա տեղի է ունենում), դիտվում են որպես վերադաս ատյանի ցինիկ անարդարություն: Մրցավարների հեղինակությունը չի բարձրանա ընտրողաբար ներողություններ խնդրելով՝ կախված նրանից, թե երբ, որտեղ, ինչպես և ումից են խնդրում: Առավել ևս, երբ դրա կարիքը չկա, ինչպես այս դեպքում էր:

Ուշադրություն․ Հոդվածը պարտադիր չէ, որ արտահայտի Realmadrid.am–ի տեսակետը։


Ամենակարդացված