Զինեդին Զիդանի՝ «Ատալանտայի» դեմ խաղում կեղծ 9 համարի դիրքում Իսկոյին խաղադաշտ դուրս բերելու որոշումը շատերի քննադատությանն արժանացավ, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը կարողացավ արդարացնել մարզչի սպասելիքները։
Իսկոն բավական լավ էր իրեն զգում իր համար ոչ սովորական դիրքում և նա ցույց տվեց, որ դա կարող է շրջադարձային լինել Մադրիդի «Ռեալում» իր կարիերայի հետագա ընթացքի համար։
2018/19 մրցաշրջանից ի վեր Իսկոն կորցրել է իր տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում։ Նոյեմբերի 8-ից ի վեր իսպանացին միայն մեկ անգամ է հայտնվել թիմի մեկնարկային կազմում։ Վերջին անգամ դա եղել էր «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղում։ «Ատալանտայի» դեմ խաղում Իսկոն բավական լավ էր համագործակցում Կրոսի և Մոդրիչի հետ, և կարելի է ասել, որ լավ աշխատանք կատարեց մինչ այն պահը, երբ հանդիպման 76-րդ րոպեին Զինեդին Զիդանը որոշեց փոխարինել նրան։
Չնայած այն բանին, որ այս մրցաշրջանում Իսկոն ստացել է ընդամենը 532 րոպե խաղաժամանակ, «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մի քանի անգամ հստակ հասկացրել է, որ ֆուտբոլիստը մտնում է իր պլանների մեջ։ Իսկոն ցանկություն էր հայտնել հունվարին հեռանալ թիմից, սակայն Մարտին Էդեգորի տեղափոխությունից հետո նա որոշեց մնալ «Ռեալում» և պայքարել անհրաժեշտ խաղաժամանակի համար։
Կարծես թե Իսկոն մտնում է Զիդանի ռոտացիայի պլաններում, և եթե նրան հաջողվի վերականգնել ստաբիլությունը, ապա նա կրկին կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ Մադրիդի «Ռեալի» համար։
Los Merengues, Realmadrid.am