Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է մնացել 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկի խաղից Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ կայացած հանդիպումից հետո։ Խաղն ավարտվել է «Ռեալի» նվազագույն հաշվով հաղթանակով։
«Նա պետք է հարվածի որքան հնարավոր է ուժեղ, թատրոն խաղալ պետք չէ։ Նա դեռ երիտասարդ է և պետք է սովորի։ Ֆուտբոլում թատերական ակումբ գոյություն չունի», — Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Էնդրիկը դուրս էր եկել «Ռեալի» մեկնարկային կազմում, քանի որ Կիլիան Մբապեն վնասվածք ուներ։ Բրազիլացին հանդիպման ընթացքում աչքի չէր ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ ու բաց էր թողել ակնհայտ գոլային պահ առաջին կեսում։ Ի վերջո, 18-ամյա հարձակվողը փոխարինվել էր 64-րդ րոպեին։
Էնդրիկը միացել է «Ռեալին» անցած ամառ։ Մինչև այդ նա հանդես էր գալիս բրազիլական «Պալմեյրասի» կազմում։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Էնդրիկը մասնակցել է 33 հանդիպման (700 րոպե խաղաժամանակ), որոնցում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am