Հոդվածներ

Մբապե․ «Ես այս ակումբ չեմ տեղափոխվել վատ խաղալու համար»
21.01.2025
550 0

Չեմպիոնների լիգայի 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Զալցբուրգի» հետ (23.01.2025, 00:00):

«Արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Քննադատությո՞ւն։ Դա նորմալ է, երբ դու նման մակարդակի ֆուտբոլիստ ես, քանի որ ինձնից շատ բան են սպասում։ Ես շատ հանգիստ եմ։ Գիտեի, որ կարող եմ փոխել իրավիճակը, և ի վերջո դա արեցի։ Ես շատ երջանիկ եմ։

Ի՞նչ եմ փոխել առաջադիմելու համար։ Հոգեբանական մոտեցումս։ Ես ինքս ինձ ասացի, որ ժամանակն է արթնանալ և սկսել օգնել «Ռեալին»։ Ես այս ակումբ եմ տեղափոխվել ոչ նրա համար, որ վատ խաղամ։ Բացի այդ, «Ռեալում» անցկացրած առաջին խաղերում ես չափազանց շատ էի մտածում, իսկ երբ չափազանց շատ ես մտածում, վատ ես խաղում։

«Ատլետիկի» դեմ հանդիպումից հետո հասկացա, որ ավելի վատ չի կարող լինել, կարող է միայն ավելի լավ դառնալ։ «Ռեալ Մադրիդը» աշխարհի ամենապահանջկոտ ակու՞մբն է։ Ինձ անհրաժեշտ է այդ ճնշումը, քանի որ ես միշտ պետք է զգամ, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրեմ»։

 «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը միշտ եղել է իմ երազանքը։ Ես միշտ երջանիկ եմ այս ակումբում նույնիսկ այն ժամանակ, երբ դաշտում ինձ լավ չեմ դրսևորում։ Ես սիրում եմ այստեղի իմ կյանքը»։

 «Մեր հասցեին «Բեռնաբեուում» երկրպագուների սուլելը նորմալ է։ Երբ այսպես ես պարտվում Սուպերգավաթի եզրափակիչում... մենք շատ հիասթափված էինք «Բարսելոնայից» կրած պարտությունից։ Ինչևէ, մադրիդիստները ցանկանում են, որ մենք լավ խաղանք»։

«Այս մրցաշրջանում քանի գոլ եմ ուզում խփե՞լ։ Ես որևէ հստակ նպատակ չեմ սահմանում։ Եթե կարողանամ հասնել 40 գոլի շեմին՝ հրաշալի կլինի, եթե կարողանամ ավելի շատ գոլ խփել՝ նույնպես հրաշալի կլինի։

Ես ամաչկոտ մարդ չեմ, բայց երբ տեղափոխվում ես «Ռեալ Մադրիդ», այնպիսի թիմ, որը անցած մրցաշրջանում նվաճել է ամեն ինչ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան, պետք է համեստ լինես։ Ես չեմ կարող միանալ այս ակումբին և առաջին իսկ օրը ասել. «Հեյ, տվեք ինձ գնդակը, սա իմ թիմն է, և ես ուզում եմ որքան հնարավոր է շատ գոլ խփել»։ Պետք է հարգանք ցուցաբերեմ և քրտնաջան աշխատեմ»։

«Անհամբերությամբ սպասում եմ մարտ ամսին, երբ նորից կկարողանամ խաղալ Ֆրանսիայի հավաքականի կազմում և պայքարել Ազգերի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրի համար»։


Ամենակարդացված