Թոնի Կրոսն ավարտեց իր կարիերան՝ «Ռեալի» կազմում իր վերջին մրցաշրջանում դառնալով ՉԼ-ի, Լա Լիգայի և Իսպանիայի սուպերգավաթի հաղթող։ Ցավոք հավաքականի կազմում տիտղոս նվաճել չհաջողվեց։ Գերմանացիները լքեցին տնային եվրոն 1/4 եզրափակչից։
Սակայն Կրոսին հաջողվեց համալրել անհատական մրցանակների իր շարքը։ Kicker-ի վարկածով նա ճանաչվել է Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարցմանը մասնակցել են սպորտային ասոցիացիայի մարզական լրագրողներ։
Հարցման արդյունքում Կրոսը վաստակել է 285 ձայն։ Կրոսին փոքր ինչ զիջել է Ֆլորիան Վիրցը, ով վաստակել է 246 ձայն։ Եռյակում տեղ է գտել նաև Գրանիտ Ջական՝ վաստակած 66 միավորով։
Sky Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում Թոնին կիսվել է իր տպավորություններով։
«Սա մեծ պատիվ է ու ընդունում այն ամենի, ինչին ես հասել եմ նախորդ մրցաշրջանում։ Չնայած նրան, որ ես միգուցե վերջին անգամ եմ ստանում այս մրցանակը, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ սա կարիերան ավարտած ֆուտբոլիստի համար սփոփիչ մրցանակ է։
Սա մրցանակ չէ, որը հանձնել են խղճի գգացումով։ Այն կապ չունի տարիքի և այն հանգամանքի հետ, որ ես ավարտել եմ կարիերաս։ Այն ուղղակի արտացոլում է այն արդյունքները, որը ես ցույց եմ տվել խաղադաշտում։ Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ այդպես է». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am