Marca պարբերականը նոր տեղեկություններ է հրապարակել «Ռեալի»՝ Մբապեի հետ մինչև 2029 թվականը պայմանագիր կնքելու վերաբերյալ։
• Կողմերի միջև գործարքը կատարվել է երկու շաբաթ առաջ։ «Ռեալ Մադրիդը» հունվարի սկզբին կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ տեղեկանալու՝ ուժի մեջ է արդյոք նախորդ տարվա մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները։
• Ֆրանսիացին հեռանալու մտադրության մասին տեղեկացրել է ՊՍԺ–ին նախորդ երեքշաբթի։ ՊՍԺ–ի նախագահի հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը ընդգծել է, որ փարիզցիները նոր պայմանագրի հարցով կարող են այլևս առաջարկ չկատարել, քանի որ նա «Ռեալի» հետ արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել։
• «Ռեալը» չի ցանկացել ձգձգել գործարքը՝ 2022–ի պատմությունից խուսափելու համար։ Այս անգամ, ի տարբերություն նախորդի, մադրիդցիները շատ ջանքեր չգործադրեցին, քանի որ կազմում արդեն ունեն ուժեղագույն ֆուտբոլիստների՝ ի դեմս Վինիսիուսի և Բելինգեմի։
• Ֆրանսիացու և «սերուցքայինների» միջև բանակցությունները հեշտ են ընթացել, չնայած իմիջային հարցերում եղել են որոշ տարակարծություններ։ Այնուամենայնիվ, «Ռեալը» կարողացել է իր շահերը առավելագույնս պաշտպանել նաև այս հարցում։
• Տարեկան աշխատավարձը, ի տարբերություն 2022–ի, զգալիորեն ցածր է՝ տարեկան 26 միլիոն եվրո «մաքուր»։ Մբապեն առաջին մրցաշրջանում ստանալու է 15–ից 20 միլիոն եվրո + բոնուսներ, սակայն ընթացքում այդ գումարն աստիճանաբար աճելու է։
• «Ռեալը» 2022–ի համեմատ իջեցրել է նաև պայմանագիր ստորագրելու հավելավճարը։ Այն ժամանակ դա կազմում էր 130 միլիոն եվրո։
• Ակումբում արդեն պատրաստվում են վերակառուցված «Բեռնաբեուում» անցկացվելիք նորեկի շնորհանդեսին։ Ժամանակացույցը կախված դժվար է նշել, քանի որ ամռանը հագեցած մարզական իրադարձություններ կան (ԵԱ–2024 և Օլիմպիադա, որոնցում Մբապեն ցանկանում է մասնակցել):