Էդեն Ազարը կրկին վերադառնում է վնասվածքից: Սա արդեն սովորական դարձած երևույթ է, քանի որ «Ռեալի» շարքը համալրելուց հետո բելգիացին անընդհատ վնասվածք է ստանում:
Եթե թվերով, ապա 2018 թվականին՝ «Ռեալի» շարքը համալրելուց հետո, Էդեն Ազարն արդեն իններորդ անգամ է վերադառնում վնասվածքից, և նա հույս ունի, որ այս անգամ վերադարձը կլինի իսկապես լավը:
Բելգիացին «Ռեալ» եկավ որպես գերաստղ, սակայն այս մեկուկես տարվա ընթացքում չի հասցրել ապացուցել իր կարգավիճակն ամենահեղինակավոր մարզաձևում:
29-ամյա Ազարը 28 խաղ է անցկացրել «Ռեալի» մարզաշապիկով ու վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողնել 44-ը: Համեմատության համար նշենք, որ «Սթեմֆորդ Բրիջում» անցկացրած յոթ տարիների ընթացքում Ազարը վնասվածքի պատճառով բաց է թողել ընդամենը ութ հանդիպում:
Ազարի համար վնասվածքն իսկապես չարիք է դարձել, քանի որ ֆուտբոլիստը սովոր է եղել առանց վնասվածքի կարիերային: Նա վնասվածքների պատճառով երկար չի բացակայել ոչ «Լիլում», ոչ «Չելսիում», ոչ էլ Բելգիայի հավաքականում:
Ազարը հուսով է, որ գալիք տարին ավելի լավը կլինի ու վերջապես կկարողանա ցույց տալ, թե ինչի համար է ժամանել իր երազանքի ակումբ:
Կիրակի օրվանից Ազարը մարզվում է ամբողջական ծրագրով ու տեղ է գտել «Էլչեի» դեմ հանդիպմանը «Ռեալի» հայտացուցակում:
Fenomeno, Realmadrid.am