• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» կիսապաշտպանության մանրամասն բնութագիրը. Զիդանը տարբերակներ է փնտրում

Հոդվածներ

«Ռեալի» կիսապաշտպանության մանրամասն բնութագիրը. Զիդանը տարբերակներ է փնտրում
16.11.2020
3073 0

Այն շրջանում, երբ «Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում, գոլերի մեծամասնությունը հեղինակեց BBC եռյակը (Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու):

Սակայն Զիդանի համար պակաս կարևոր չէր կիսապաշտպանական եռյակը, որը հիմնականում անփոփոխ մնաց: Այսքան տարիներ անց Լուկա Մոդրիչը, Կազեմիրոն ու Տոնի Կրոսը շարունակում են հանդիսանալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ: Միևնույն ժամանակ ֆրանսիացի մասնագետի տրամադրության տակ է գտնվում Ֆեդե Վալվերդեն, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում: Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում ուրուգվայցին վնասվածք ստացավ:

Հիմա ու առաջիկայում Զինեդին Զիդանը ստիպված է լինելու միջին գծի այլ տարբերակներ փնտրել: Նրա թիմի կիսապաշտպանության բնութագիրն այսպիսին է:

Ֆեդե Վալվերդե (վնասվածք ունի) – կիսապաշտպանության առաջատարը 2020/21 մրցաշրջանում

Վալվերդեն 810 րոպե է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում, ինչը լավագույն ցուցանիշն է «Ռեալի» կիսապաշտպանների շրջանում: 22-ամյա ֆուտբոլիստը անցկացրած 11 հանդիպումներից 9-ում ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: 15 հաջողված դրիբլինգ է իրականացրել, 46 անգամ խլել է գնդակը, դարձել է 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Լուկա Մոդրիչ -պահպանելով բարձր խաղամակարդակը

Խորվաթ ֆուտբոլիստը նույնպես մասնակցել է 11 հանդիպման՝ 7-ում լինելով մեկնարկային կազմում: Վետերանը խփել է 2 գոլ, կատարել է 510 փոխանցում (բոլորից շատ) ու 17 հաջողված դրիբլինգ, ստեղծել է 20 գոլային պահ:

Կազեմիրո – անձեռնամխելի

Քանի դեռ Զիդանը շարունակում է օգտագործել 4-3-3 խաղային սխեման, Կազեմիրոյի տեղը մեկնարկային կազմում գործնականում ապահովված է:

Բրազիլացին մեծ ծավալի աշխատանք է կատարում հենակետային գոտում: Նա մասնակցել է «սերուցքայինների» բոլոր հանդիպումներին՝ բացառությամբ «Վալենսիայի» դեմ խաղը (կորոնավիրուսի թեսթը դրական պատասխան էր տվել): 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է 1 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ ու բոլորից շատ՝ 67 անգամ խլել գնդակը:

Տոնի Կրոս - սահմանափակ ներգործություն

30-ամյա ֆուտբոլիստը երբեմն հայտնվում է Զիզուի մեկնարկային կազմում, երբեմն՝ ոչ:  Այս մրցաշրջանում 9 հանդիպման է մասնակցել , որոնցից 6-ում եղել է մեկնարկային կազմում, իսկ 4-ում փոխարինվել է:

Գերմանացին 21 գոլային պահ է ստեղծել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ակումբում:

Իսկո - փորձում է պահպանել տեղը թիմում

Իսպանացին մի քանի անգամ շանս ստացավ, սակայն դեռևս դժվարանում է ցուցադրել իր լավագույն որակները: 2020/21 մրցաշրջանում Իսկոն մասնակցել է «Ռեալի» 6 հանդիպման ու դրանցից 3-ում դուրս եկել մեկնարկային կազմում: Շատ է խոսվում, որ առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:

Մարտին Էդեգոր - արգելակված մեկնարկ

«Ռեալ Սոսյեդադից» վերադառնալուց հետո ընթացիկ մրցաշրջանի՝ «Ռեալի» առաջին երկու հանդիպումներում նորվեգացին դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն արգելակեց վնասվածքի պատճառով: Հիմա փորձում է կրկին մարզավիճակ հավաքել ու լավ հնարավորություն ունի օգտվելու Վալվերդեի բացակայությունից:

Fanat, Realmadrid.am