Հոդվածներ

«ՊՍԺ»- ն տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին
28.11.2021
6439 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել ՎԻնիսիուս Ջունիորի հետ, իսկ «ՊՍԺ»-ն ցանկացում է խառնել «Սերուցքայինների» պլանները։ 

ABC-ի փոխանցմամբ, փարիզյան ակումբում ցանկանում են թիմում տեսնել Վինիսիուսին, քանի որ արդեն գիտակցում են, որ չեն կարողանա թիմում պահել Մբապեին, ով ամենայն հավանականությամբ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «ՊՍԺ»-ից։

Վինիսիուսի տրանսֆերը անձամբ ցանկանում է իրականացնել «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, սակայն «Արքայական» ակումբում մտադիր չեն որևէ գումարի դիմաց բաց թողնել իրենց աստղին։ 

Ներկա պահին Վինիսիուսը «Ռեալում» տարեկան 3.3 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ «Սերուցքայինները» պատրաստ են նոր պայմանագրով տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ վճարել բրազիլացուն։  «ՊՍԺ»-ն իր հերթին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին՝ ցանկանալով խափանել նրա՝ «Ռեալի» հետ ընթացող բանակցությունները։ 

«Արքայական» ակումբում հանգիստ են, քանի որ ֆուտբոլիստը արդեն մի քանի անգամ հստակ հասկացրել է, որ իր համար առաջնայինը գումարը չէ։ Նա ցանկանում է հաջողության հասնել «Ռեալում» և մնալ այդ թիմում որքան հնարավոր է երկար։ 

Նախկինում, երբ «Ռեալը» և «ՊՍԺ»-ն բանակցություններ էին վարում Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, Վինիսիուսի մասին բավական շատ էր խոսվում։  Նրան կարող էին ներառել այդ գործարքում, սակայն Ֆլորենտինո Պերեսը հստակ հասկացրեց, որ բրազիլացին անձեռնմխելի ֆուտբոլիստ է։ Պերեսը դա արեց այն ժամանակ, երբ Վինիսիուսի մոտ ամեն բան չէր, որ լավ էր դասավորվում։ 

Այժմ «Ռեալի» և Վինիսիուսի հարաբերությունները իդեալական են։ Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված