Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» 4:1 հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ: Հանդիպումից հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Մենդիզոռոզա» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Խաղի մասին.
«Առաջին կեսում այդքան էլ ինտենսիվ չէինք գործում, սակայն երկրորդում ավելացրինք: Մեր պաշտպանությունը շատ արագ է, ու հարկ եղած դեպքում կարող ենք ճնշում գործադրել մրցակցի կիսադաշտում, բայց սա առաջին խաղն էր, ու հետզհետե ամեն ինչ կբարելավվի: Գոհ եմ ֆուտբոլիստներիս ցուցադրած խաղից»:
Բենզեմայի մասին.
«Բենզեման կատարյալ ֆուտբոլիստ է. նա կարողանում է հիանալի գործել ցանկացած խաղային դրվագում: Կարիմը շատ է շարժվում, օգնում է խաղընկերներին: Ասել, թե պարզապես հարձակվող է, նշանակում է ոչ ամբողջությամբ բնութագրել նրան:
Եթե համեմատեմ 5 տարի առաջվա և ներկայիս Բենզեմային, այժմյանը տակտիկապես ավելի հասուն ու ամբողջական խաղացող է:
Բեյլը նույնպես լավ գործեց. նրա ֆիզիակական վիճակը դեռևս լավագույնը չէ, ու վստահ եմ՝ աստիճանաբար կկարգավորվի»:
Գովեստի խոսքեր՝ ուղղված Նաչոյին.
«Ֆուտբոլում 2 տիպի պաշտպաններ կան՝ օպտիմիստներ և պեսիմիստներ: Նաչոն պեսիմիստ է. միշտ մտածում է, որ կարող է ինչ-որ վատ բան լինել ու 90 րոպեների ընթացքում չի թուլացնում կենտրոնացվածությունը:
Վինիսիուսի մասին.
«Վինիսիուսը դեռ շատ երիտասարդ է ու դեռևս աճելու տեղ ունի: Նրան ասել եմ, որ գոլ խփելու համար պետք չէ 4-5 հպում կատարել, 1-2-ը լրիվ բավարար են: Խաղում հենց այդպես էլ եղավ»:
Հավելենք, որ Լա լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Լևանտեին»:
Fanat, Realmadrid.am