Մադրիդի «Ռեալը» սպասողական դիրք է ընտրել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում։
Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մտադիր են հետևել ֆրանսիական ակումբում տիրող իրավիճակին։ «Ռեալում» կարծում են, որ Լեո Մեսիի տրանսֆերը իրականացնելու համար «ՊՍԺ»-ն ստիպված է լինելու բաց թողնել իր ֆուտբոլիստներից մեկին, իսկ Մբապեն միակն է, ով ցանկություն է հայտնել հեռանալ փարիզյան ակումբից։
«Արքայական» ակումբում չեն բացառում, որ «ՊՍԺ»-ն անձամբ կապի դուրս կգա և կառաջարկի Կիլիան Մբապեի ծառայությունները։ Եթե դա տեղի չունենա, ապա «Ռեալում» ստիպված կլինեն սպասել հաջորդ ամռանը՝ հույսով, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մինչ այդ նոր պայմանագիր չի կնքի «ՊՍԺ»-ի հետ։
Մինչ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը «Սերուցքայինները» աշխատելու են միայն թիմից հեռանալու միտում ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերների վրա, բայց միևնույն ժամանակ փորձելու են օգտագործել Մբապեի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար ընձեռված հնարավորությունները։
Այժմ իրավիճակը ամբողջովին կառավարում է «ՊՍԺ»-ն։ Ֆրանսիական ակումբը փորձում է ճնշում գործադրել Մբապեի վրա, որպեսզի վերջինս նոր պայմանագիր կնքի ակումբի հետ։
Los Merengues, Realmadrid.am