Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 2-3 «Շախտյոր». Անհաջող մեկնարկ ՉԼ-ում
21.10.2020
2363 0

Կայացավ ՉԼ-ի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլում Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ առաջին հանդիպումը։

«Սերուցքայինները» սեփական հարկի տակ ընդունել էին Դոնեցկի «Շախտյորին»։

Երկու թիմերում էլ կադրային լուրջ խնդիրներ կային, իսկ Զինեդին Զիդանը բացի այդ խնդիրներից, որոշել էր դիմել նաև որոշակի ռոտացիայի։ Սակայն նրա այդ որոշումը չարդարացվեց։

«Ռեալը» շատ անհաջող առաջին խաղակես անցկացրեց։ Հյուրերը առաջին կեսի ընթացքում կարողացան երեք անգամ գրավել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Նախ աչքի ընկավ Տետեն, իսկ դրան հաջորդեց Ռաֆայելի Վարանի ինքնագոլը։ Խաղակեսի վերջնամասում էլ Սոլոմոնը կարողացավ երրորդ գոլն ուղարկել Կուրտուայի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» լրիվ այլ տեսք ուներ։ Գրեթե ողջ խաղակեսի ընթացքում դաշտի տերերը տոտալ առավելություն ունեին։ Եվ շատ արագ «Ռեալին» հաջողվեց երկու գոլ խփել, հաշվի տարբերությունը հասցնելով մեկ գնդակի։

Նախ փայլուն գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը, իսկ դրան հաջորդեց Վինիսիուսի խփած գդակը։ Բրազիլացին փոխարինման դուրս գալուց ընդամենը 15 վայրկյան անց գոլի հեղինակ դարձավ։

Այդ գոլից հետո «Շախտյորը» ողջ ուժերով կենտրոնացել էր պաշտպանությունում, իսկ «Ռեալի» համար շատ բարդ էր դեպի դարպասը տանող ճանապարհներ գտնելը։

Այնուամենայնիվ «Ռեալին» հաջողվեց մրցավարի կողմից ավելացրած երկրորդ րոպեին գոլ խփել, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգից օգտվելուց հետո չեղարկեց այդ գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Այսպիսով, «Ռեալը» բավական անհաջող է մեկնարկում ՉԼ-ի այս մրցաշրջանում, և այժմ պետք է կենտրոնանա «Բարսելոնայի» դեմ խաղի վրա։

«Ռեալ Մադրիդ» 2-3 «Շախտյոր»

Գոլերը՝ Տետե (29), Վարան (ինքնագոլ-33) , Սոլոմոն (42), Մոդրիչ (54), Վինիսիուս (59):

Los Merengues, Realmadrid.am