Հոդվածներ

«Մադրիդը» դատի է տվել Լա լիգային
27.04.2026
182 0

Ֆլորենտինոյի տարօրինակ և մեկուսացված ընդդիմությունը մի նախագծի, որը բխում է Սպորտի մասին օրենքից և ունի բոլոր կառույցների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության հաստատակամ աջակցությունը:

Անցյալ տարի մարտի 26-ին Լա լիգան ներկայացրեց առաջին արձանագրությունը (պրոտոկոլը)՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մարզադաշտերում խտրականության, բռնության կամ չարաշահման դեպքերը կանխելու և դրանց դեմ գործելու համար: Խավիեր Տեբասը շեշտեց, որ սա ուժեղացնում է «անվտանգությունն ու բարեկեցությունը մեր առաջնությունում»: Նախաձեռնությանը լիովին կողմ արտահայտվեց նաև Ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մառլասկան:

Այս արձանագրության շնորհանդեսը տեղի ունեցավ «Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ հյուրընկալողի դերում «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն էր: Նա նշեց, որ «ֆուտբոլը պետք է զարգանա հանդուրժողականության և անվտանգության միջավայրում»: Նախաձեռնությունը ստացել է նաև Ոստիկանության գլխավոր վարչության հստակ աջակցությունը:

Սակայն, ինչպես տեղեկացել է MARCA-ն, «Ռեալ Մադրիդը» հայց է ներկայացրել՝ պահանջելով «անվավեր ճանաչել Լա լիգայի պատվիրակված հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 20-ի որոշումը, որով հաստատվել էր այս ուղեցույց-արձանագրությունը»: Ակումբը նաև պահանջել էր անհապաղ կասեցնել միջոցառումը, սակայն դատավորը մերժել է այդ պահանջը՝ ցանկանալով նախ լսել Լա լիգայի կողմին:

Ֆլորենտինո Պերեսի գլխավորած ակումբի այս քայլը զարմանք ու շոկ է առաջացրել մյուս ակումբների մոտ: Նրանք չեն հասկանում, թե ինչու է «Մադրիդը» նորից շարժվում բոլորին հակառակ ուղղությամբ, նույնիսկ այնպիսի զգայուն թեմայով, ինչպիսին սա է: Շատերը կարծում են, որ այս «անհասկանալի» գործելաոճը նորից բացասաբար է անդրադառնում «Ռեալ Մադրիդի» հեղինակության վրա:

«Ռեալ Մադրիդի» փաստարկն այն է, որ այս արձանագրությունը «պետք է հասանելի լինի ակումբներին կամավոր միանալու համար, սակայն Լա լիգան այն վերածել է պարտադրող համակարգի»: Այս հայցն առավել տարօրինակ է թվում այն պատճառով, որ «Մադրիդն» արդեն ունի իր սեփական արձանագրությունը, ինչի մասին հենց ինքն է նշել դատական հայցում:

Այժմ բոլոր կողմերը (այդ թվում՝ լրատվամիջոցները) պետք է սպասեն դատավորի որոշմանը «Ռեալ Մադրիդի» այս տարօրինակ և մեկուսացված փորձի վերաբերյալ՝ կասեցնելու մի միջոց, որը հաստատվել էր բոլորի կողմից... բացի մեկից: