Հոդվածներ

«Ատլետիկոն» «ջնջում է» Վինիսիուսին. «Գոլ՝ տանտերերի կողմից»
24.03.2026
86 0

«Ներքնակագործների» X-ի (նախկին Twitter) էջը «մոռացել է» դերբիում դուբլի հեղինակի անունը, բայց չի մոռացել նշել Վալվերդեին 2:1-ի ժամանակ:

«Նախագահն ինձ միշտ ասում է, որ ես պետք է երկու գոլ խփեմ, և այսօր ես խփեցի դրանք. դրանք նրա համար են», – սա Վինիսիուսի պատասխանն էր «Բեռնաբեուում» «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Սա նուրբ ակնարկ էր Սիմեոնեին, ով Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչի ժամանակ նրան ասել էր. «Ֆլորենտինոն քեզ վռնդելու է: Հիշիր խոսքերս, նա քեզ վռնդելու է»:

Սրան գումարվեց նաև այն, ինչ տեղի ունեցավ սոցցանցերում: «Ատլետիկոյի» պաշտոնական էջը հրապարակեց խաղի գոլերը՝ առանց նշելու Վինիսիուսի անունը նրա խփած գոլերի ժամանակ:

Փոխարենն օգտագործեցին ընդհանուր արտահայտություններ, ինչպիսիք են՝ «գոլ՝ տանտերերի կողմից» կամ «Ռեալ Մադրիդը հավասարեցնում է հաշիվը 11-մետրանոցից»: Սակայն, երբ հաշիվը դարձավ 2:1, նրանք հստակ նշեցին Վալվերդեի անունը, ինչն ավելի ակնհայտ դարձրեց հակադրությունը:


«Տանտերերի գոլից» մինչև «Ռեալը հավասարեցնում է հաշիվը»

«Սերուցքայինների» երկրպագուները երկար չսպասեցրին և «Ատլետիկոյի» հրապարակումները ողողեցին հեգնական մեկնաբանություններով ու գիֆերով (GIF): «Անունը չգիտե՞ք», «Ասե՛ք անունը», «Կներեք, ո՞ւմ գոլը», «Ինչո՞ւ, երբ Վինին գոլ է խփում, չեք ասում՝ ով էր դա», – սրանք այն հազարավոր մեկնաբանություններից մի քանիսն էին, որոնք հեղեղեցին էջը «Բեռնաբեուում» ընթացող խաղի ժամանակ: