Ամալիո Մորատալյայի հոդվածը Marca պարբերականում
Արդեն մոտ 50 տարի է, ինչ մոտիկից հետևում եմ «Ռեալ Մադրիդին»: Եվ դրա մեջ չեմ ներառում մանկությանս ու պատանեկությանս տարիները, երբ նույնպես հաճախում էի «Բեռնաբեու»: Նաև «Վիսենտե Կալդերոն», քանի որ հարևանությամբ էի ապրում, բայց դա այլ պատմություն է:
Ճանաչել եմ և շփվել եմ (մեծ մասամբ) բոլոր նախագահների, մարզիչների և անթիվ խաղացողների հետ: Իմ մասնագիտությունն ինձ մոտեցրել է նրանց: Ես ճանաչել եմ Սանտիագո Բեռնաբեուին: Նրա կառավարման վերջն էր, երբ ես նոր էի սկսում մասնագիտական ուղիս: Շատ կարճ էր: Մտերիմ չէինք: Նա ինձ պարզապես հիացրեց մի քանի առիթներով, երբ հնարավորություն ունեցա ողջունել նրան (վեց Եվրոպական գավաթ և առաջին մեծ մարզադաշտի կառուցումը):
Դրանից հետո նախագահությունը ստանձնեց Լուիս դե Կարլոսը: Մի իսկական ջենտլմեն՝ կրթված, հարգալից, ուշադիր, հին բարքերով (ՈՒԵՖԱ-ի գավաթ, 1985թ.): Այնուհետև եկավ Ռամոն Մենդոսայի դարաշրջանը՝ մեկ տասնամյակ: Խարիզմատիկ առաջնորդ, ով փորձում էր արդիականացնել ակումբը և ինչ-որ կերպ հասավ հաջողությունների իր ոճով: Եվ թեև նա չնվաճեց Եվրոպական գավաթը «Quinta del Buitre»-ի (Բուտրագենյոյի հնգյակի) հետ, սակայն հաղթեց հինգ անընդմեջ լիգա և փորձեց «Մադրիդին» վերադարձնել իր նախկին փառքը, բայց կանգ առավ այդ հինգ լիգաների վրա: Լորենցո Սանսը հաջորդեց նրան: Դա բնական ընթացք էր: Մենդոսայի «զինակիցը», ով նախ ժառանգեց նախագահությունը, իսկ հետո հաղթեց ընտրություններում: Մարզական առումով նա նվաճեց Չեմպիոնների լիգան՝ երկու անգամ (1998 և 2000), բայց դա բավարար չեղավ Ֆլորենտինոյին հաղթելու համար, ով մասնակցում էր իր երկրորդ ընտրություններին: Առաջինը նա պարտվել էր Ռամոն Մենդոսային:
Ֆլորենտինոյի առաջին շրջանն արդեն ցույց էր տալիս, թե ուր է նա ուզում տանել ակումբը, բայց նա չկարողացավ շարունակել և հրաժարական տվեց 2006-ին: Այդտեղ սկսվեց երեք նախագահների հաջորդականությունը՝ Ֆերնանդո Մարտին «Կարճատևը», Լուիս Գոմես Մոնտեխանոն (կառավարող խորհրդի նախագահ) և Ռամոն Կալդերոնը՝ դժվար վերջաբանով: Այնուհետև եկավ ժամանակավոր պաշտոնակատար Վիսենտե Բոլուդան և իր «chorreo»-ն (ջախջախումը), մինչև Ֆլորենտինոյի երկրորդ շրջանը (յոթ Չեմպիոնների լիգա): 21-րդ դարի նախագահը:
Ես նրան ճանաչել եմ նախքան իր առաջին ընտրություններում հաղթելը, բայց երբեք մտերիմ չէի եղել: Մենք միասին ճաշեցինք (փլավ), և նա ինձ պատմեց ակումբի իր նախագծի մասին: Ճիշտն ասած, ես չէի հավատում լսածիս, բայց իրականությունը զգալիորեն գերազանցել է դարասկզբի այդ «ֆանտաստիկային»: Եվ ես սա ասում եմ այսօր, երբ թվում է, թե նա ամեն ինչ սխալ է անում՝ հեռացնել Ալոնսոյին, երբ պետք չէր, նշանակել Արբելոային, երբ նա փորձ չունի, հանդուրժել Վինիսիուսին, նոր մարզադաշտ, որը շատ աղմուկ է հանում, Սուպերլիգա, որը մնացել է օդում... և բացի այդ, պարտություն կրել «Խետաֆեից»: Եվ հենց այստեղ է, որ կարծում եմ՝ մենք կորցնում ենք իրականության զգացումը:
Ոչ ոք անփոխարինելի չէ, բայց ես չեմ պատկերացնում ներկայիս «Ռեալ Մադրիդը», եթե գոյություն չունենար Ֆլորենտինո Պերեսը: Այսօր նա ակումբի պատմության լավագույն նախագահն է: Նրա առջև դրված է մի մարտահրավեր, որը ես կանվանեի «երրորդ փուլ»: Եթե նա ունի ոգևորություն և ուժ, կարող է գլխավորել այն, բայց սրանք նոր ժամանակներ են, որտեղ պետք է հաջողել ոչ միայն մարզական դաշտում:
Պետք է շատ դիպուկ լինել հասարակական մոդելի, կառավարման, հաղորդակցության և բիզնեսի հարցերում: Հաջորդ քառորդ դարի հիմքերը պետք է դրվեն հիմա և շատ ամուր կերպով: Առջևում կտրուկ շրջադարձեր են սպասվում, և դրանք պետք է հաղթահարել վարպետորեն՝ միաժամանակ հասնելով մարզական հաջողությունների: Այն գերազանցության միջոցով, որը նախագահում և քարոզում է Ֆլորենտինոն:
Էվոլյուցիան հասկանալի է միայն Լուիս Արագոնեսի բանաձևով. «Հաղթել, հաղթել և նորից հաղթել…»: Եվ այդ ընթացքում՝ չսխալվել մնացած ամեն ինչում: Գրեթե ոչինչ: Դա է մարտահրավերը, դա է պատասխանատվությունը և այն, ինչ սպասվում է «Ռեալ Մադրիդի» նման ակումբից: