Հոդվածներ

Արբելոա. «Վստահ եմ՝ 1/8 եզրափակիչում մեզ բաժին կհասնի այդ թիմը»
26.02.2026
714 0

Չեմպիոնների լիգայի անցումային փուլում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Բենֆիկային» (առաջին խաղը՝ 1։0) և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Խաղի առաջին րոպեների մասին.

«Բենֆիկան» մեզ լավ էր պրեսինգի ենթարկում։ Չեմպիոնների լիգայի ցանկացած խաղ բարդ է լինելու, և այս մրցաշարում տառապելը նորմալ է։ Ի սկզբանե մեր կիսապաշտպանների թիկունքում մրցակցի համար ազատ տարածություններ կային, ուստի մենք սկսեցինք ավելի լավ խաղալ, երբ շտկեցինք այդ խնդիրը։ Ամեն դեպքում, մեր բախտը բերեց, որ կարողացանք արագ հավասարեցնել հաշիվը»։

Վինիսիուսի և Մբապեի վնասվածքի մասին.

«Այսօր մեզ պետք էր Վինիսիուսը, հատկապես հաշվի առնելով Մբապեի վնասվածքը։ Նա պետք է լինի մեր առաջատարը, որի շուրջ մենք կկառուցենք մեր խաղը։ Հույս ունենք՝ Վինին կշարունակի հանդես գալ բարձր մակարդակով։ Ինչո՞ւ նա չստացավ «խաղի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսը։ Նա հիասքանչ խաղ անցկացրեց, գոլ խփեց և ամեն առիթով վտանգ էր ստեղծում «Բենֆիկայի» դարպասի մոտ։ Ես շատ ուրախ եմ նրա համար, նա ֆանտաստիկ մարզավիճակում է»։

«Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպման մասին.

«Դա նշանակություն չունի։ Մենք նախընտրելի մրցակից չունենք։ Բայց կարծում եմ՝ մենք անպայման կհանդիպենք հենց «քաղաքայիններին», ինչպես վերջին 7 տարիների ընթացքում։ Այսպես թե այնպես, գիտենք, որ բարդ դիմակայություն է սպասվում, քանի որ պատասխան խաղը կայանալու է հյուրընկալվելիս։ Պորտուգալական թիմերի դեմ խաղալը շատ դժվար է, և մենք դա տեսանք «Բենֆիկայի» օրինակով»։

Ասենսիոյի վնասվածքի մասին.

«Երբ տեսանք, թե ինչպես են Ասենսիոյին պատգարակով դուրս բերում դաշտից, շատ վախեցանք։ Բայց, ըստ ամենայնի, Ռաուլի վնասվածքը շատ լուրջ բնույթ չի կրում»։

Չուամենիի մասին.

«Օրելյենի գոլը շատ կարևոր էր մեզ համար, մենք վերջերս շատ էինք խոսել այդ մասին։ Նա անհավանական մակարդակով է հանդես գալիս։ Եթե նա կարողանա ավելի հաճախ հայտնվել մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում, շատ գոլեր կխփի»։

Մբապեի վիճակի մասին.

«Նա ժամանակից շուտ ավարտեց երեկվա մարզումը, քանի որ իրեն հարմարավետ չէր զգում։ Մենք որոշեցինք, որ նա պետք է դադարեցնի ցավով խաղալը և լիարժեք վերականգնվի։ Կիլիանը շարքից դուրս է եկել ոչ թե մի քանի օրով, այլ ավելի երկար ժամանակով։ Նա չի վերադառնա, մինչև պատրաստ չլինի 100%-ով։ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է պատահել նրա ծնկի հետ, բայց դա գաղտնի տեղեկություն է»։

Կազմի կորուստների մասին.

«Այսօր մեր կազմում չկային Բելինգեմը, Մբապեն, Միլիտաոն, Ռոդրիգոն... ուստի նման հաղթանակները շատ կարևոր են մեզ համար, քանի որ դրանք նշանակում են, որ մենք կարող ենք հաղթել նաև առանց որոշ առանցքային ֆուտբոլիստների»։

Վալվերդեի մասին.

«Ուզում եմ, որ իմ գլխավորությամբ Վալվերդեն նույնքան արդյունավետ լինի, որքան Անչելոտիի ժամանակ։ Ֆեդեն ֆանտաստիկ առաջատար է և մարմնավորում է «Մադրիդի» բոլոր արժեքները։ Նա նույնպես մկանային անհանգստություն ունի, բայց ցանկանում է շարունակել խաղալ և օգնել թիմին»։

Ցածր բլոկով պաշտպանվող մրցակիցների մասին.

«Նման խնդրի բախվում է ցանկացած թիմ։ Դժվար է ճեղքել մրցակցի պաշտպանությունը, երբ նրանք տասը հոգով փոքր տարածության վրա են։ Ամեն դեպքում, մենք աշխատում ենք այդ բաղադրիչը բարելավելու ուղղությամբ»։

 Մոուրինյոյի մասին.

«Ես նրան չեմ տեսել խաղի ավարտից հետո»։


Ամենակարդացված