Լա լիգայի 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (09.02.2025, 00:00):
«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղվա հանդիպումը շատ կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ «Ատլետիկոյի» համար, քանի որ մենք պայքարում ենք Լա լիգայում հաղթանակի համար։ Մադրիդյան դերբին միշտ առանձնահատուկ է։ «Ատլետիկոն» շատ լավ մարզավիճակում է»։
«Ատլետիկոյի» ծաղրական հրապարակումները «Ռեալի» հասցեին՝ սոցիալական ցանցերու՞մ։ Ես դրանք չեմ տեսել ու դրանց մասին ոչինչ չեմ լսել։ Այս շաբաթ մենք հաղթանակ տարանք Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում, այնուհետև ունեցանք վերականգնողական մարզում, մարզասրահում ու լողավազանում վարժանքներ, ինչպես նաև՝ մրցակցի տակտիկական վերլուծություն։ Ահա թե ինչպես ենք պատրաստվել դերբիին»։
«Ռեալի» բողոքը մրցավարական կորպուսի դե՞մ։ Մենք պարզապես բացատրություններ ենք խնդրել։ Մենք ցանկանում ենք փոխել ներկայիս մրցավարական համակարգը, քանի որ դժգոհ ենք դրանից։ Իհարկե, բոլորը դեմ են այս գաղափարին միայն այն պատճառով, որ դա ցանկանում է մեր ակումբը։
Մենք դեռևս չենք ստացել «Էսպանյոլի» դեմ խաղում մրցավարների զրույցների աուդիոձայնագրությունները՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայից (RFEF) և Մրցավարական տեխնիկական կոմիտեից (CTA)։ Ես չգիտեմ, թե ինչու նրանք չեն ցանկանում տրամադրել դրանք։
Տեբասի խոսքե՞րը: Չեմ ցանկանում անդրադառնալ այդ թեմային այս կարևոր խաղից առաջ, բայց նա կարող է հանգիստ լինել․ «Ռեալում» ոչ ոք չի կորցրել խելքը»։
«Կամավինգան ու Լուկասը պատրաստ կլինեն առաջիկա հանդիպմանը, և մենք շատ ուրախ ենք դրա համար։ Վաղը նրանք կարող են մեկնարկային կազմում լինել։ Լուկասի և Էդուարդոյի վերադարձի շնորհիվ մեր կասկածները մեկնարկային կազմի վերաբերյալ վերացել են»։
«Մենք հիանալի հարձակում ունենք, և վիճակագրությունը դա միայն ապացուցում է։ Մեր հարձակվողները միասին արդեն 60 գոլ են խփել այս մրցաշրջանում։ Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում՝ վնասվածքներից ելնելով, ու պետք է հարմարվենք դրան։
Ոմանք կարծում են, որ եթե մեկնարկային կազմից հանենք մեկ հարձակվողի, ապա խաղային հավասարակշռություն կապահովենք, բայց պաշտպանական խնդիրները պետք է լուծի ամբողջ թիմը»։
«Ես ցանկանում եմ, որ Չուամենին խաղա կիսապաշտպանությունում, ինչպես նաև մյուս խաղացողները՝ իրենց բնական դիրքերում, բայց վնասվածքների պատճառով ստիպված ենք նրանց տարբեր տեղերում օգտագործել»։
«Մբապեն քրտնաջան աշխատում է ու առաջադիմում, և վիճակագրությունը դա միայն ապացուցում է։ Նա շատ համեստ տղա է։ Մենք շատ գոհ ենք Կիլիանից»։
«Վալվերդեն միշտ ցանկանում է խաղաժամանակ ստանալ։ Ֆեդերիկոն շատ օգնում է մեզ, երբ որոշ ֆուտբոլիստներին, օրինակ՝ Լուկասին, պետք է հանգիստ տալ»։
«Սեբալյոսն ավելի շատ խաղաժամանակ է ստանում, քանի որ միշտ մեծ աշխատանք է կատարում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության ժամանակ։ Բացի այդ, նրա մարզավիճակը ևս լավացել է, ինչը շատ կարևոր է։ Նա լավ է վերահսկում խաղը»։
«Ռամոսը լեգենդ է, մենք շատ շնորհակալ ենք նրան։ Մեզ համար մեծ պատիվ էր տեսնել նրան «Ռեալի» կազմում խաղալիս։ Մեքսիկայում շատ կսիրեն Սերխիոյին ու կվայելեն նրա խաղը։
№93 համարը, որով Ռամոսը հանդես կգա «Մոնտերեյու՞մ» Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչու է նա ընտրել այդ համարը (ծիծաղում է)։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք»։
«Ռոդրիգոն շատ կարևոր խաղացող է մեզ համար։ Նա բազմաթիվ հիանալի որակներ ունի»։