• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կլասիկոյում բարոյահոգեբանական վիճակի բարելավումից հետո «Ռեալը» կկենտրոնանա ՉԼ-ում քամբեքի վրա

Հոդվածներ

Կլասիկոյում բարոյահոգեբանական վիճակի բարելավումից հետո «Ռեալը» կկենտրոնանա ՉԼ-ում քամբեքի վրա
05.03.2020
2030 0

Մադրիդի «Ռեալն» «Էլ Կլասիկոյին» մոտեցավ աշխարհի բեռն ուսերին։

Նախորդ մրցաշրջանում տոտալ ձախողումից հետո՝ տասն օրվա ընթացքում, նորից սկսվեց քննարկվել նույն, հնարավոր տոտալ ձախողումն արդեն այս մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայում «Ռեալը» զիջեց «Սիթիին» առաջին խաղում։

Հաջորդը «Բարսելոնան» էր, որին հինգ մրցաշրջան շարունակ «Ռեալը» չէր կարողանում հաղթել «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ այս խաղում պարտությունը կնշանակեր ձախողում Լա լիգայում։ Չէ՞ որ այդ պարագայում «կապտանռնագույններն» «Արքայական ակումբին» Լա լիգայի չեմպիոնական պայքարում կգերազանցեին արդեն 5 միավոր։

Թեև մեկ պարտությունը կարող էր ապոկալիպսիկ լինել «Ռեալի» համար, 2-0 հաշվով հաղթանակը կարող է նոր կյանքի սկիզբ դառնալ։ 

Զիդանի ու ֆուտբոլիստների համար սա չի վերաբերում միայն Լա լիգային, որտեղ թիմն արդեն առաջատար է։ Խոսքը նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին է։

«Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը թիմին վերադարձրեց այն բարոյահոգեբանական վիճակը, որ տիրում էր Վալդեբեբասում շուրջ մեկ ամիս առաջ։

Այն, որ Մադրիդի «Ռեալն» անպարտելի է Լա լիգայի տնային խաղերում, թիմին վստահություն է հաղորդել, իսկ Վինիսիուսի ու Մարիանոյի գոլերը «Բարսելոնայի» դեմ խաղում առջևի գծում ֆուտբոլիստների հաջողության ակնկալիքի ևս մեկ չափաբաժին էին։

Պետք է այստեղ հաշվի առնել նաև Տեր-Շտեգենի գործոնը։ Գերմանացի դարպասապահը, չնայած ընդունած երկու գնդակին, հիանալի ելույթ ունեցավ ու կարելի է ասել՝ լավագույնն էր «Բարսելոնայի» կազմում։

Վինիսիուսի խփած գնդակը ևս առանձնակի նշանակություն ունի։ Բրազիլացու նախորդ 8 գոլերը «Ռեալի» կազմում համեմատության եզր անգամ չունեն այն գոլի կարևորության ու զգացողության հետ, որ կայացավ «Բարսայի» դեմ խաղում։

Տիբո Կուրտուան այն տղան է, որին պետք է առանձնացնել։ Նա ցույց տվեց, թե ինչպես պիտի ելույթ ունենա բարձրակարգ դարպասապահը։

«Բարսելոնայի» դեմ 0-0-ի և «Սիթիի» դեմ 1-2-ի ժամանակ բելգիացու սեյվերը շատ կարևոր էին, բայց «Բարսելոնայի» դեմ Լա լիգայում պատասխան խաղում նրա սեյվերը բառի բուն իմաստով թիմին հաղթանակ պարգևեցին։

Կուրտուան այս մրցաշրջանում 12 անգամ անառիկ է պահել սեփական դարպասն ու այս հաշվարկում առաջատար է Լա լիգայում։ Նրան հաջորդում են Դավիդ Սորիան ու Յան Օբլակը, որոնց հաջողվել է 11 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։

Հիմա, երբ «Ռեալը» մեկնելու է Անգլիա՝ «Էթիհադ» ստադիոնում հրաշք գործելու համար, Կուրտուան այն խաղաքարտն է, որ կարող է դառնալ «ջոկեր» Զիդանի թիմի համար։

Fenomeno, Realmadrid.am